ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից ստացել է քաղաքացի Մալխաս Ա.-ի հաղորդումը, որի հիման վրա նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Մալխաս Ա.-ի հաղորդման' 2014թ. ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը անհայտ անձինք մուտքի դուռը կոտրելու եղանակով ապօրինի մուտք են գործել իր բնակարան, որտեղից գաղտնի հափշտակել են տարբեր տեսակի կենցաղային իրեր: Կատարված հանցագործության մասին ինքը ցանկացել է հաղորդում տալ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում, սակայն օրվա օպերատիվ հերթապահը, սահմանված կարգով չի գրանցել հանցագործության դեպքը, այլ իրեն ուղեկցել է նույն բաժնի պետի և տեղակալի մոտ: Վերջիններս համոզել են իրեն կատարված հանցագործության մասին հաղորդում չտալ' խոստանալով, որ հանցագործություն կատարած անձինք կվերադարձնեն գողոնը:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: