Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն Ղրիմը վերադարձնելու համար հույսը կդնի միջազգային կազմակերպությունների վրա: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով УНН-ն:
Այս հայտարարությամբ «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերով հանդես է եկել Պյոտր Պորոշենկոյի վստահված անձ, «ՈՒԴԱՌ» կուսակցության պատգամավոր Սերգեյ Կունիցինը:
«Ղրիմը պետք է վերադարձնել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի միջազգային ճնշման միջոցով: Իհարկե, մենք հասկանում ենք, որ քանի դեռ Ռուսաստանում գործում է ներկայիս նախագահը, դա շատ բարդ գործընթաց է»,- խոստովանել է պաշտոնյան:
Կունիցինն ընդգծել է, որ Կիևի իշխանությունները մտադիր են Ուկրաինայի մայրցամաքային մասում հասնել այնպիսի կենսամակարդակի, որպեսզի ղրիմցիները տեսնեն, որ Ուկրաինայում ապրելն ավելի լավ է, քան այնտեղ, որտեղ նրանք այժմ գտնվում են:
«Ղրիմցիներն այժմ մեկուսացված տարածքում են: Ներդրումային, տնտեսական քաղաքականություն, միջազգային դիվանագիտություն. ահա թե ինչը կօգնի վերադարձնել Ղրիմը»,- եզրափակել է Կունիցինը: