Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծության հետևանքով կրկին հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Զոհվածն Անդրանիկ Գանթարջյանն է, ում մարմինը գտնել են ավերված շենքի փլատակների տակ: Նոր Գյուղում գազի տակառների ընկնելու հետևան քով վիրավորվել է Մանուկ Ղազելյանը: Նրա վիճակը, բարեբախտաբար, կայուն է: Եվս մեկ հայ' Հովսեփ Արամյանը, վիրավորվել է Ջալաա թաղամասում հրդասանդ ընկնելու հետևանքով: Աղբյուրի տեղեկացմամբ' Հովսեփ Արամյանի վիճակը կայուն է:
Հալեպում լարված մթնոլորտը շարունակվում է: Նոր Գյուղի որոշ շրջաններ ամայացած են: Բնակիչները տեղափոխվել են ավելի ապահով վայրեր: Հայերից ոմանք գիշերել են հայկական Գր. Լուսավորիչ եկեղեցու ներքնահարկում:
Հալեպում հունիսի 1-ի ուշ գիշերից մինչև հունիսի 2-ի վաղ առավոտյան Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասում ահաբեկչական խմբավորումների կողմից նետած գազի տակառներից պատրաստված հրթիռները մեծ վնասներ են պատճառել թաղամասին: Հրթիռների ընկնելու հետևանքով վիրավորվել էին՝ Ստեփան Արուշյանը և Զարեհ Ղազարյանը: Նրանց վիճակը, բարեբախտաբար, մտահոգիչ չէ, և համապատասխան բուժում են ստացել: Բացի մարդկային վնասներից վնասվել են Քարեն Եփփե Ազգային ճեմարանը, Ազգ. Զավարյան վարժարան, Ազգ.Սահակյան Վարժարանտ, Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Ազգային Սիս, Կիլիկիա, Ար ցախ, Նայիրի, Օշական շենքերը և «Արեւելք» տպարանը:
Վերջին շրջանում Հալեպում վիրավորվել են մոտ 4 տասնյակ հայեր: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: Զոհված հայերի թիվը հասել է 100-ի: