Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց կառավարության անդամներին պատրաստել համապատասխան ներդրումային ծրագրեր և ՀՀ արտաքին գործերի նախարարի միջոցով դրանք ներկայացնել արտերկրում ՀՀ դեսպաններին: ՀՀ կառավարության նիստում վարչապետը հիշեցրեց, որ հանդիպել է այս օրերին Հայաստան ժամանած ՀՀ բոլոր դեսպաններին, ովքեր կառավարության ուշադրությունն են հրավիրել են մի քանի հարցերի շուրջ:

 

«Ես նրանց առաջարկել եմ, որ զբաղվեն նաև ՀՀ ներդրումներ ներգրավելով: Նաև հանրապետության նախագահին եմ առաջարկել, որ դեսպանների աշխատանքի մի բաղադրիչ հանդիսանա այն, թե ինչ ներդրումներ են իրենք ներգրավել: Դեսպաններն ասում են, որ իրենց առաջարկները նախարարների կողմից պատշաճ ուշադրության չեն արժանանում, իսկ եթե նույնիսկ արժանանում են, ապա դեսպանները դրա մասին տեղեկացված չեն: Կոնկրետ փաստեր են ասել և համապատասխան նախարարներին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, եթե չի տեղեկացրել, ուրեմն պետք է տեղեկացնի»,- դիմելով նախարարին' ասաց Հովիկ Աբրահամյանը:

 

Նրա խոսքով՝ դեսպանները նաև բողոքել են, որ չեն ստանում ներդրումային ծրագրերի առաջարկություններ նախարարություններից: «Եթե դեսպանը պետք է հանդիպի տվյալ երկրի գործարարներին, ներդրողներին, ապա պետք է ունենա ծրագրեր, որպեսզի դրանք ներկայացնի ներդրողներին: Այստեղ համապատասխան նախարարները, նախարարությունները պետք է մտածեն, որպեսզի դեսպաններին տրամադրեն լիարժեք ներդրումային ծրագրեր»,- նշեց վարչապետը:

 

Հովիկ Աբրահամյանի կարծիքով՝ դեսպանների ներգրավումն այդ աշխատանքներին պետք է տա իր արդյունքը: