Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Սպիտակ տանից պահանջել է հստակ պատասխաններ տալ մարտի 21-ին Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրի վրա գործած հարձակման մեջ Թուրքիայի դերի վերաբերյալ: Հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանն իր դժգոհությունն է հայտնել' կապված նամակների փոխանակության հետ, որը կատարվել էր ԱՄՆ պետդեպարտամենտի հետ:
Խաչիկյանն ընդգծել է, որ ամերիկաբնակ հայերը շատ անհանգիստ են նրանից, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը դժկամություն է ցուցաբերում պարզ պատասխան տալ հստակ հարցին' կապված ԱՄՆ կառավարության հստակ դիրքորոշման հետ մարտի 21-ի հարձակման գործում Թուրքիայի Հանրապետության օգնության, դրդման, աջակցման կամ դրանում մեկ այլ դեր ունենալու հարցում:
Մայիսի 2-ին ԱՄՆ պետդեպը Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին նամակ էր ուղարկել, որում Պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը նշել էր, որ իրենք հիշեցրել էին Թուրքիային սահմանի երկայնքով տեղակայված քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու իր պարտականության մասին' ընդգծելով, որ թուրքական կողմը պետք է թույլ չտա, որպեսզի զինված խմբավորումներն օգտագործեն իր տարածքը:
Մայիսի 15-ին Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նամակ էր հղել Նուլանդին: Նամակում նշվում էր, որ եթե ԱՄՆ-ն իր կատարած հետաքննության արդյունքում պարզի Թուրքիայի ներգրավվածությունը Քեսաբի վրա գործած հարձակումներում, ապա պետք է հրապարակայնորեն հանդես գա դրանց քննադատությամբ' մեղադրելով Թուրքիային Ալ-Կաիդայի հետ համագործակցելու և մեծ թվով մարդկանց իրենց տներից ստիպողաբար հեռացնելու համար:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի մի քանի կետերից:Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալԻսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքից բնակիչների մեծ  ;մասը տեղափոխվել է առավել ապահով վայրեր, իսկ որոշ ընտանիքներ, այդ թվում' մեծահասակներ, մնացել են իրենց տներում,հետո գերի վերցվել զինյալների կողմից: Նրանց մեծամասնությանը տարել են Թուրքիայի Վաքըֆ հայաբնակ գյուղ, որտեղից նրանք տեղափոխվել էին Լիբանան: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի հայկական շտապօգնության մարմինը, Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ, բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով :