«Տոբոլի» պաշտոնական կայքը պարզաբանել է ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի վերջին մամուլի ասուլիսը:
«Ղազախերենից ռուսերեն թարգմանելիս մի շարք լրատվամիջոցներ ոչ միայն կրճատել են մարզչի խոսքը, այլև աղավաղել այն:
Հայաստանի և Ղազախստանի առաջնությունները համեմատելիս Վարդան Մինասյանը չի նշել, թե «Ղազախստանում տաղանդավոր երիտասարդները ավելի շատ են»:
«Ինչ կասեք Հայաստանի և Ղազախստանի առաջնությունների միջև տարբերության մասին: Ո՞ր երկրի առաջնությունն է խաղամակարդակով ավելի բարձր» հարցին Մինասյանն, իրականում, պատասխանել է.
«Չեմ կարող ասել, չեմ վերլուծել: Ղազախական ֆուտբոլի մասին կարող եմ ասել այն, ինչ տեսնում եմ: Ձեզ մոտ ֆուտբոլը շատ արագ է զարգանում' մանկապատանեկան մարզադպրոցների և լավ լեգիոներների հաշվին: Նման ֆուտբոլիստներ կան նաև մեզ մոտ' «Տոբոլում»: Պատահական չէ, որ անցյալ տարի երկու թիմ շատ հաջող հանդես եկավ եվրագավաթներում: Կարծում եմ' այս տարի նրանք կկարողանան ՈՒԵՖԱ-ի խմբային փուլ դուրս գալ, քանի որ նրանք արդեն փորձ ունեն»,- ասել է Մինասյանը:
«Հուսով ենք, որ Վարդան Մինասյանի դիրքորոշումը հասկանալի է: Այն օբյեկտիվ է և շատ կոռեկտ: Հուսով ենք, որ սխալները և անճշտությունը չեն դարձել Հայաստանի հավաքականի նախկին մարզչի և «Տոբոլի» գլխավոր մարզչի դիրքորոշման սխալ ընկալման պատճառ»,- գրում է ղազախական ակումբի պաշտոնական կայքը: