Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի բարեկամ երկրների ցանկում: ՌԴ-ին բարեկամ երկրների ցանկի այս տարվա առաջատարներն են Բելառուսը, Չինաստանը, Ղազախստանը, Հայաստանը, Հնդկաստանն ու Կուբան: Հայաստանը ՌԴ բարեկամների ցանկում 4 տեղում է:

 

Այդ մասին են վկայում ռուսական «Լևադա-կենտրոնի» անցկացրած հարցման արդյունքները: Ինչպես հաղորդում է «Լևադա-կենտրոնի»-ի պաշտոնական կայքը, հարցումն անցկացվել է 2014-ի մայիսի 23-26-ը քաղաքային և գյուղական բնակչության շրջանում: Դրան մասնակցել է 18-ից բարձր տարիք 1.6 հազար մարդ ՌԴ 130 բնակավայրում ու 45 շրջանում:

 

Ըստ հարցման արդյունքների, ռուսաստանցիներն այս տարի ամենից վատը վերաբերվում են Ուկրաինային, ԱՄՆ-ին ու Եվրամիությանը: ԱՄՆ հանդեպ խիստ բացասական վերաբերմունքի մասին նախորդ տարվա մայիսին հայտարարել էր 8 մարդ, իսկ այս տարվա մայիսին արդեն 31: Հունվարին հարցման 41 մասնակից հայտարարել էր, որ ընդհանուր առմամբ լավ է վերաբերվում ԱՄՆ-ին, մինչդեռ մայիսին նման կարծիք է հայտնել ընդամենը 15 քաղաքացի: Եթե նախորդ տարվա մայիսին Եվրամիությանը խիստ բացասական էր վերաբերվում 3 հոգի, ապա մեկ տարի անց Եվրամիությանը քննադատողների թիվը հասել է 22-ի: ԵՄ-ին դրական վերաբերմունքը հունվարից մայիս ժամանակահատվածում նվազել է՝ 50-ից մինչև 22 մարդ:

 

Ուկրաինայի առնչությամբ խիստ բացասական գնահատականը 2013-ի մայիսից մինչև 2014-ի մայիս աճել է 2-ից մինչև 16 մարդ: Ուկրաինայի հանդեպ դրական վերաբերմունք այս տարվա մայիսին հայտնել է 30 հարցված, այն դեպքում, երբ հունվարին այդ կարծիքի կողմնակիցների քանակը 0 էր: Ռուսաստանցիների վերաբերմունքը Բելառուսի, Չինաստանի ու Իսրայելի հանդեպ ընդհանուր առմամբ չի փոխվել: