Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանում առևտրի շրջանառությունը կազմել է 627 մլրդ 9 մլն դրամ և 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել 5.1 տոկոսով։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մանրածախ առևտրի ծավալն ավելացել է 2.2 տոկոսով մինչև 381 մլրդ 400.5 մլն դրամ, մեծածախ առևտրինը՝ 12 տոկոսով և կազմել 222 մլրդ 773.5 մլն դրամ, իսկ ավտոմեքենաների առևտրինը (ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը) նվազել է 5.1 տոկոսով՝ հասնելով 22 մլրդ 835 մլն դրամի։
Այս տարվա առաջին չորս ամիսներին հանրապետությունում իրականացված մանրածախ առևտրի 381 մլրդ 400.5 մլն դրամ ընդհանուր ծավալից խանութներում կատարվել է 262 մլրդ 730.8 մլն դրամի առևտուր (նվազումը՝ 0.9 տոկոս), սպառողական ապրանքների շուկաներում՝ 21 մլրդ 783 մլն դրամի (նվազումը՝ 19.7 տոկոս), գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում՝ 4 մլրդ 933.9 մլն դրամի (նվազումը՝ 3.7 տոկոս), կրպակներում՝ 9 մլրդ 907.8 մլն դրամի (նվազումը՝ 15.3 տոկոս), իսկ շարժիչային և կենցաղային վառելիքի մանրածախ վաճառքի կետերում կատարված առևտրի ծավալն աճել է 24.7 տոկոսով և կազմել 82 մլրդ 45 մլն դրա մ։