Մարզահամերգային համալրի համար հայտարարված աճուրդը «Մարզահամերգային համալիր» ընկերության ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը համարում է անօրինական: Նրա գնահատմամբ, աճուրդը հայտարարելու ընթացքն իրականացել է խախտումներով: Ըստ նրա, նպատակն է քողարկել «Մարզահամերգային համալիր»-ի վարկային երաշխքիներ մարելու այլ գործարքներ: Հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կորյուն Գրիգորյանը շեշտեց, որ համալիրի գործունեության վերաբերյալ իրականությանը չպահամապատասխանող տեղեկություններ են տարածվում, եւ տարիների ընթացքում կատարված 42 մլն դոլարի չափով ներդրումների փաստը չի շեշտվում:

 

«ԴԱՀԿ-ն անօրինական գործողություն է իրականացնում, եւ ընկերությունը բնականոն աշխատանք չի կարողանում իրականացնել: Որոշակի ուժեր շահագրհռված են, որ համալիրը հանեն աճուրդի եւ վաճառեն ձեռնտու գնով: Ունենք շատ վտանգավոր խնդիր, քանի որ օտարերկրյա ներդրում էլ կա, եւ վիճակը կհանգեցնի նրան, որ որեւէ ծրագրի շրջանակում մարդիկ չեն ցանկանա օտարերկրյա ներդրումներ կատարել»,-ասաց Կորյուն Գրիգորյանը:

 

Ընկերության փաստաբան Արմինե Հակոբյանը նշում է, որ ԴԱՀԿ-ն խախտել է օրենքը, քանի որ չէր կարող դիմել դատարան խորհրդատվական բնույթի որոշում ստանալու համար: «Մինչդեռ ԴԱՀԿ-ն հենց խորհրդատվություն ստանալու ծանուցմամբ է դիմել դատարան: Այս պահին հարցը քննվոմ է վերաքննիչ դատարանում եւ օրինական ուժի մեջ չմտած որոշումով ԴԱՀԿ-ն առաջին աճուրդի չկայացումից հետ կրկնաճուրդ է հայտարարում»,- ասաց Արմինե Հակոբյանը' հավելելով, որ վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը կկայանա հունիսի 11-ին: Փաստաբանի մտահոգության կենտրոնում է նաեւ այն հանգամանքը, որ կառույցը պատմամշակութային հուշարձան է, եւ նրանք դիմել են կառավարութանը, որ ճշտեն' ինչ չափորոշիչներով պետք է համալիրի աճուրդի համար գին սահմանվի: Նրանց գնահատմամբ, կառավարությունից պատասխանել են, որ չափորոշիչներ չկան, եւ պետք է ստեղծվի հանձնաժողովը կառույցի պատմամշակութային արժեքը գնահատելու համար: «Սակայն մինչ հանձնաժողովը կսահմանի գինը, ԴԱՀԿ-ն ընդամենը որպես կառույց է գին է սահմանել' առանց հաշվի առնելու կառույցի արժեքը»,- ասաց Արմինե Հակոբյանը:

 

Կորյուն Գրիգորյանի գնահատմամբ, անհրաժեշտ է տրամադրել նորմալ ժամանակացույց վարկերը մարելու համար: «Պատասխանատվությամբ ենք մոտենում հարցին եւ երբեք չենք հայտարարել, որ չենք մարելու վարկերը: Պետք չէ համալիրին մոտենալ որպես մեկսենյականոց բնակարանի եւ առանց գնահատելու գումար սահմանել»,- ասաց Կորյուն Գրիգորյանը:

 

2014թ. ապրիլի 14-ին ԴԱՀԿ ապահովող ծառայություն մուտքագրված Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթի համաձայն' պետք է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.207.755.909,51 ՀՀ դրամ գումար' բռնագանձումը տարածելով գրավի առարկայի' «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող անշարժ գույքի վրա, իսկ գրավի առարկայի անբավարարության դ եպքում' «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի վրա:

 

Մարզահամերգային համալիրի աճուրդը մեկնարկել էր մայիսի 19-ին, ավարտվել 29-ին: Շինության աճուրդի համար ընթացիկ առաջարկը 19 միլիարդ 350 միլիոն դրամ էր, նախավճարը' 967 միլի ոն 500 հազար դրամ, առաջարկի քայլը' 100 հազար դրամ: Սակայն համալիրի հարկադիր աճուրդի ընթացքում գնորդ չի արձանագրվել: Դա նշանակում է, որ աճուրդ չի կայացել, եւ կառույցը հանվել է կրկնական աճուրդի' նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված գնով: Կրկնական աճուրդը հայտարարվում է յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո՝ երրորդ աշխատանքային օրը: