Ծայրահեղ ազգայնական, Ադրբեջանի, այսպես կոչված, «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» (ՂԱԿ) առաջնորդ Աքիֆ Նաղիին թույլ չեն տվել Թուրքիայից մուտք գործել Վրաստան: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Աքիֆ Նաղին, ով տեւական ժամանակ Թուրքիայում զբաղված էր հակահայկական քարոզչությամբ եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ գործունեությամբ, որոշել էր հունիսի 6-ին ավտոբուսով Ադրբեջան վերադառնալ Վրաստանով, որպեսզի հակահայկական եւ հակավրացական ելույթներ ունենար նաեւ Վրատանի ադրբեջանաբնակ շրջաններում: Սակայն, Թուրքիա-Վրաստան մաքսատանը նրա գլխավորած պատվիրակությունը խնդիրների է հանդիպել:
Հետաքրքիր է, որ վրացի մաքսավորները Նաղիի պատվիրակության բոլոր անդամներին թույլ են տվել Վրաստան, իսկ նրան' ոչ: Աքիֆ Նաղին հետ է ուղարկվել Թուրքիա:
ՂԱԿ վարչական խորհրդի անդամ Իլգար Ալին այդ առնչությամբ musavat.com-ին հայտնել է, որ վրացի մաքսավորները Նաղիին հետ են ուղարկել առանց որեւէ բացատրության: Սակայն, ենթադրվում է, որ Վրաստանի կառավարությանը դուր չի եկել, որ վերջին երկու ամիսների ընթացքում նա ղարաբաղյան քարոզչական արշավներ է անցկացրել Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում' ազգամիջյան ատելության եւ թշնամանքի մթնոլորտ ստեղծելով բնակչության շրջանում: Ալին ասել է, որ տեղյակ չեն ՂԱԿ առաջնորդի հետագա ճակատագրից: