Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին հայտարարել է խորհրդարանկան ընտրություններում իշխող Կոսովոյի դեմոկրատական կուսակցության հաղթանակի մասին, չնայած ընտրողների ցածր ակտիվությանը, տեղեկացնում է BBC-ն:

 

Նախնական արդյունքների համաձայն՝ իշխող կուսակցությունը հավաքել է ձայների 29,97 տոկոսը եւ առաջ անցել Կոսովոյի դեմոկրատական լիգայից, որի օգտին քվեարկել է ընտրողների 26,18 տոկոսը:

 

Կոսովոյի անջատման ժամանակներից ի վեր առաջին անգամ Սերբիայի կառավարությունը կոչ է արել էթնիկ սերբերին մասնակցել ընտրություններին, որպեսզի օգնի երկու երկրներին անդամակցելու Եվրամիությանը: Այդուամենայնիվ, ընտրություններին միջին մասնակցությունը կազմել է 43 տոկոս: Առավելապես սերբերով բնակեցված տարածաշրջաններում այն ավելի ցածր է եղել:

 

Անցյալ տարի Սերբիան եւ Կոսովոն պայմանավորվել են նորմալացնել հարաբերությունները, որպեսզի կատարեն Եվրամիությանը երկու երկրների անդամագրվելու պայմաններից մեկը:

 

Կոսովոյում 2010 թվականին կայացած նախորդ խորհրդարանական ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել էր 47,8 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: