ՀՀ Երկրապահ կամավորականների միության, բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ և պատանի երկրապահների և անձամբ իմ անունից վշտակցություն եմ հայտնում հայտնի հասարակական, քաղաքական գործիչ, ազատամարտիկ, երկրապահ Սմբատ Այվազյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
Ցավակցելով Այվազյանի ընտանիքի անդամներին, զավակներին, հարազատներին' նշեմ, որ դուք Հայաստանի Հանրապետությունում հպարտ պետք է ապրեք. Սմբատ Այվազյանի ապրած կյանքն ու կենսագրությունը տալիս է ձեզ այդ իրավունքը: Սմբատը մեկն էր այն հայորդիներից, ով հայրենիքի համար վտանգավոր պահին զենք վերցրեց, երկրապահ կամավորական ջոկատ հիմնեց ու շտապեց պատերազմական առաջնագիծ' մահվանն ընդառաջ: Ու հաղթական էլ վերադարձավ պատերազմից: Հրադադարի կնքումից հետո էլ Սմբատ Այվազյանը ծառայեց հայոց պետականությանը' զբաղեցնելով ընտրովի և նշանակովի կարևոր պետական պաշտոններ՝ ԱԺ պատգամավոր, պետեկամուտների նախարար և այլն:
Միաժամանակ ցավակցություն եմ հայտնում ողջ հայ ժողովրդին, քանի որ Սմբատ Այվազյանի կորուստը ոչ միայն նրա ընտանիքի և իրեն անձամբ ճանաչողների կորուստն է: Նա դեռ շատ անելիք ուներ հայ ազգի, Հայաստան պետության համար: Այնպես որ, օբյեկտիվորեն նրա մահը սգում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր հայերը:
Եվս մեկ անգամ կրկնեմ' ցավակցություններս հայ ազգի երկրապահ զավակի մահվան կապակցությամբ: Փա'ռք քեզ, մեր ընկեր Սմբատ Այվազյան: Դու գնում ես միանալու Սպարապետ Վազգեն Սարգսյանին, մեր մնացյալ նահատակ ընկերներին, և քո անունն էլ, հայ ազգի մնացյալ քաջ զավակների անունների կողքին, միշտ վառ մնալու է սերունդների հիշողություններում:
ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան