Թուրքիայի հարավարեւելյան քրդաբնակ տարածաշրջանում քրդերեն լոգոյով «Խըլխալի» կոչված ձիթապտղի ձեթ է հայտնվել խանութներում:
Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, ձիթապտղի ձեթը արտադրում եւ վաճառքի է հանել մարդինցի թոշակառու բանկային ծառայող Հասան Թահսին Գյուջյումը: Նա ասել է, որ յուղը պատրաստվում է Մարդին նահանգի Դերիք քաղաքի մոտակա անտառներում աճող վայրի ձիթապտղից, որի պատրաստման տեխնոլոգիան պատկանում է մինչեւ Հայոց ցեղասպանությունն այդտեղ բնակված հայերին: Նրա խոսքով, հայերի հեռանալուց հետո, շրջանում դադարել էր ձիթապտղի յուրատեսակ յուղի զանգվածային արտադրությունը' չնայա, դեռեւս 50 տարի առաջ Դերիքում դեռ շարունակում էին գործել մի քանի մանր ձեռնարկություններ, որոնք եւս դադարեցրին իրենց աշխատանքը: Գյուջյումն ասել է, որ յուղի պատրաստման տեխնոլոգիան ինքը պատենտավորել է քրդականի անվան տակ եւ ստացել «Խըլխալի» քրդերեն լոգո: Գյուջյումը միակն է տարածաշրջանում, որ Դիարբեքիրում (պատմական Տիգրանակերտ) այդ յուղի վաճառքի փոքրիկ խանութ է բացել:
«Յուղը պատենտավորելու համար ստիպված թուրքերեն բառ էլ ավելացրեցի' զեյթինյաղը (ձիթապտղի ձեթ): Պատենտավորեցին «Խըլխալի զեյթինյաղը» անվան տակ: Խըլխալի քրդերեն նշանակում է վայրի: Վստահ եմ, որ ձեթի այդ տեսակը մեծ ճանաչում եւ պահանջարկ ձեռք կբերի, քանի որ այն արտադրվում է հատուկ տեխնոլոգիայով, որի ժամանակ պահպանվում են ձիթապտղի բոլոր առողջարար հատկությունները», -ասել է Գյուջյումը: Նա հավելել է, որ որոշել է ձիթապտղի յուղից նաեւ օճառ պատրաստել, ինչպես դա նախկինում արել են այդտեղ բնակվող հայերը: