Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և ԵՄ-ն գազի բանակցությունների շուրջ համաձայնության չեն եկել: Նրանք կշարունակեն հաջորդ եռակողմ հանդիպումը հունիսի 11-ին: Այս մասին լրագրողներին հայտնել է էներգետիկայի հարցերով Եվրահանձնաժողովի հանձնակատար Գյունտեր Էթինգերը:

 

«Մենք ունենք որոշ հարցեր, որոնք դեռ բաց են մնացել և հարցեր, որոնց մասին տարբեր դիրքորոշումներ ունենք, բայց մենք որոշեցինք շարունակել բանակցությունները»,- հայտնել է Էթինգերը:

 

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն իր հերթին բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ «Ուկրաինայի Նավթոգազը» պետք է մարի 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին իրականացված մատակարարումներից գոյացած 1.45 միլիարդ դոլարի պարտքը, ինչպես նաև մասնակի մարի 2014 թվականի ապրիլ-մայիսի մատակարարումների դիմաց' 500 միլիոն դոլար:

 

Նա նաև նշել է, որ «Գազպրոմի» և «Նավթոգազի» միջև երկարատև բանակցությունները հանգեցրին այն բանին, որ «Գազպրոմը» գնի ձևավորման մեխանիզմ առաջարկեց՝ համապատասխան մաքսային նվազեցմամբ. այդ դեպքում գազի գինը կորոշվի Ռուսաստանի Դաշնության կառավարության վճռով: