«Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած' «ԴԱԻՇ» իսլամիստական խմբավորումը հսկողություն է հաստատել Իրաքի Մոսուլ քաղաքի վրա: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, խմբավորման անդամները հարձակվել են Նայնավա մարզի Մոսուլ քաղաքի վրա, և արդեն չորրորդ օրն է' Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքում պայքար է ընթանում: Երեքշաբթի առավոտյան ծայրահեղականների և իրաքյան ուժերի միջև թեժ մարտեր են սկսվել: ԴԱԻՇ-ին հաջողվել է հսկողություն հաստատել մարզպետարանի վրա:

 

Մեկ այլ արաբական աղբյուրը տեղեկացնում է, որ զինյալներն այժմ հսկողություն են հաստատել քաղաքի արևմտյան կողմի վրա և շարունակում են առաջ շարժվել քաղաքի հարավային ուղղությամբ, հատկապես բանակի գլխավոր հենակետի ուղղությամբ, որտեղ տեղակայված են ռազմական օդանավակայանն ու խիստ հսկողության տակ գտնվող անվտանգության ուժերի բանտը: Բանտում տասնյակ վտանգավոր զինյալներ կան: Անվանգության ուժերը հայտարարել են, որ եթե լրացուցիչ ուժեր չմիանան իրենց, քաղաքն ամբողջությամբ արագորեն կհայտնվի նրանց ձեռքում:

 

Մարզպետ Ասիլ Նաջիֆին կոչ էր արել բնակիչներին պայքարել ծայրահեղականների դեմ: Մյուս կողմից, բանակի ստորաբաժանումները և ղեկավարությունը դուրս են եկել քաղաքից: Ահաբեկված բնակչությունը հեռանում է Մոսուլից: