Օրերս էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը՝ Hetq.am-ը, անդրադարձել էր ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ին՝ հայտնելով, որ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետության միջպետական նշանակության ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքների «մենաշնորհը» հենց Նաղդալյանի այս ընկերությանն է:
PressIdent.am-ը փորձեց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից պարզաբանումներ և մեկնաբանություն ստանալ հոդվածում հրապարակված փաստերի վերաբերյալ, մասնավորապես՝ ինչպես է պատահում, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ընկերության հետ է անընդմեջ կնքվում մոտ 452 մլն դրամի յուղոտ պայմանագիրը: Նշենք, որ Հերմինե Նաղդալյանին ակնհայտորեն նյարդայնացրեց մեր հարցը: ԱԺ փոխնախագահը հենց սկզբից մեր զրույցը սկսեց վիրավորանքով՝ դրանով գուցե փորձելով ընկճել PressIdent.am-ի լրագրողիս: Ներկայացնում ենք Հերմինե Նաղդալյանի հետ մեր զրույցն առանց խմբագրման:
-Էլեկտրոնային մամուլում տարածված նյութերին ծանոթ եք, ըստ որոնց` այդ միջպետական ճանապարհահատվածի վերանորոգման «մենաշնորհը» Ձեզ է պատկանում…
-Մամուլում քեզ նման մի անգրագետ է գրել (ձեռքով փակելով ձայնագրիչը-լր.): Չեմ կարծում այդպիսի հիմարություններ… Մենաշնորհ չկա, ազիզ ջան. Երիտասարդ, փոքրիկ աղջիկ ես, ընկերությունը շահել է տենդեր, իսկ տենդերը մենաշնորհ չի կարող լինել:
Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ երկրորդ տարին անընդմեջ հենց Ձեր ընկերությունն է շահում այդտենդերը:
- Այդպես էլ ստացվում է, անցյալ տարի էլ է մասնակցել, դրա նախորդ տարին էլ. 15 տարի այդ ընկերությունը գործում է, տենդերների է մասնակցում և շահում է: Ցածր գին է դնում ու շահում է: Երբեմն էլ այնպես է լինում, որ չի շահում, որովհետև ավելի ցածր գին դնող է լինում:
- Իսկ 15 տարվա մեջ քա՞նի անգամ եք շահել:
- Ամեն տարի, իհարկե: Ամեն տարի մասնակցում են, ինչ-որ բան շահում են:
-Փաստորեն, պաշտոնյան բիզնեսով է զբաղվում, ինչը հակասահմանադրական է:
-Պաշտոնյան բիզնեսով չի զբաղվում: Նա իր աշխատասենյակում և իր աշխատանքի տեղը զբաղվում է իր գործով: Բիզնեսով զբաղվում է ընկերությունը, բալիկ ջան, եթե դու դա էլ չգիտես, ապա կբացատրեմ քեզ: Պաշտոնյան, ինչպես մնացած բոլոր մարդիկ սեփականատեր լինելու իրավունք ունի, մեր երկրի օրենքները դա թույլ են տալիս, դու էլ կարող ես լինել որևէ ընկերության սեփականատեր: Գնա մի տեղ աշխատի, մի տեղ էլ սեփականատեր եղիր: Ես էլ մի տեղ սեփականատեր եմ, էստեղ էլ աշխատում եմ: Էդ ընկերությունը տնօրեն ունի, աշխատողներ ունի, ովքեր զբաղվում են բիզնեսով: Բավարարվա՞ծ ես:
Արևիկ Իսաջանյան