ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը hունիսի 11-ին Ծաղկաձորում ներկա է գտնվել «Երիտասարդ Եվրասիա» խորագրով Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Գալուստ Սահակյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, համոզմունք է հայտնել, որ այս ձևաչափը կնպաստի ընդհանուր հե տաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկմանը և դրանց նպատակային ու համակարգված իրականացմանը: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ երիտասարդական կառույցները կենսունակ են այսօր և այդպիսին կլինեն նաև ապագայում, դրանք ոչ միայն շփման, կրթվելու միջոց են, այլև տեղեկացվածության բարձրացման արդյունավետ գործիք:

 

Պարոն Սահակյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում մեծ թիվ են կազմում երիտասարդ պատգամավորները, գործում է նաև Երիտասարդական խորհրդարան, որը, խորհրդարանի ղեկավարի կարծիքով, կարող է արդյունավետ օղակ հանդիսանալ երիտասարդական կառույցների միջև սերտ համագործակցության համար: Նա կարևորել է երիտասարդների մասնակցությունը տարածաշրջանային ինտեգրման տարբեր գործընթացներին, քանզի նրանք են վաղվա քաղաքական գործիչներն ու որոշում կայացնողները: ««Երիտասարդ Եվրասիա» խորագիրը կրող այս համաժողովը հնարավորություն է տալու եվրասիական ինտեգրումը դիտարկել ձեր՝ երիտասարդների աչքերով և վեր հանելու այն խնդիրները, առավելություններն ու հեռանկարները, որ ունի այս գործընթացը: Մենք բոլորս միևնույն գիտաշմակութային կրթական ժառանգության կրողն ենք, ինչը կարող է եվրասիական ինտեգրման զարգացման համար կարևոր գործոն հանդիսանալ»,- ասել է պարոն Սահակյանը: Նա ընդգծել է, որ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների սթափ վերլուծությունը հաստատում է այն իրողությունը, որ մարտահրավերներին միայնակ դիմակայելն իրատեսական չէ: Ակնհայտ է, որ ինտեգրման գործընթացներում եր կրների ներգրավման հեռանկարն այլընտրանք չունի: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ համաժողովը կնպաստի կապերի ամրապնդմանը, տեղեկատվական դաշտի ձևավորմանն ու համագործակցության խորացմանը: Ավարտելով խոսքը՝ Գալուստ Սահակյանը համաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք և հաճելի օրեր Հայաստանում:

 

Համաժողովի մասնակից երիտասարդներին ողջունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը ու ներկայացրել ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ուղերձը: Երիտասարդներին ողջունել և արդյունավետ աշխատանք են մաղթել նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը, ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի համակարգող Իգոր Պանարինը և ուրիշներ:

 

Համաժողովի մեկնարկն ազդարարվել է ՀՀ և ՌԴ պետական օրհներգերի հնչյունների ներքո:

 

Համաժողովը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը՝ «Россия сегодня», ՀԱՊԿ վերլուծական կենտրոնի, ՌԴ Պետական դումայի երիտասարդ պատգամավորների հետ համատեղ: Համաժողովի նպատակն է ստեղծել համագործակցության և ինտեգրման նոր ձևաչափ հե տխորհրդային երկրների երիտասարդների համար: Միջոցառմանը մասնակցում են շուրջ 200 երիտասարդ Հայաստանից, ԱՊՀ-ից, Բալթյան երկրներից և Վրաստանից: