Ուկրաինան ռուսական կողմի արձագանքին է սպասում երկրի արեւելքում տիրող ճգնաժամի կարգավորման ծրագրի կապակցությամբ, որն առաջարկել է նախագահ Պորոշենկոն: Այդ մասին հունիսի 12-ին Կիեւում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:

 

«Կայացել է շփման խմբի նիստը, որն այդ ծրագրի իրագործման կոնցեպտուալ մոտեցումներ Է մշակել: Մենք սպասում ենք այդ կոնցեպտուալ փաստաթղթի վերաբերյալ ռուսական կողմի պատասխանին եւ դիրքորոշմանը»,-ասել Է Դեշչիցան:

 

Պորոշենկոյի առաջադրած հաշտության ծրագիրը նախատեսում Է ՌԴ-ի կողմից Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքների ճանաչում, աշխարհազորայինների կողմից կրակի դադարեցում եւ խաղաղ բնակչության համար հումանիտար միջանցքների ստեղծում:

 

Պորոշենկոյի ծրագիրը ենթադրում Է տարածաշրջանում ռուսաց լեզվի ազատ օգտագործում, արտահերթ ընտրություններ եւ բողոքի ակցիաների մասնակիցների համաներում, բացի նրանցից, «ում ձեռքով ուկրաինացի զինվորների եւ խաղաղ մարդկանց արյունն է հեղվել»: Ուկրաինայի նոր նախագահը խոստանում Է անցկացնել սահմանադրական բարենորոգում, իշխանության ապակենտրոնացում եւ տնտեսական բարեփոխումներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: