Կիևի կոմունալ ծառայությունները հունիսի 14-ի առավոտից սկսել են հավաքել ուկրաինական մայրաքաղաքի կենտրոնական հրապարակի բարիկադները: Այդ մասին հաղորդում է ուկրաինական УНН գործակալությունը: Եվրոպական հրապարակի հարևանությամբ գտնվող Կրեշչատիկ փողոցում երկու տարհանող ավտոմեքենաներ տեղափոխում են բարիկադների «պատերը», որոնք պատրաստվել են սալահատակից: Մայդանցիները չեն խոչընդոտում կոմունալ ծառայությունների աշխատակիցներին:
Մայդանցիների մի մասը սկսել է հավաքել վրանները, սակայն որոշները դրան կտրուկ դեմ են արտահայտվել, հայտարարելով, որ հեռանալ չեն պատրաստվում: Կիևի նոր քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դեռևս մինչ ընտրությունները նշել էր, որ Մայդանի բարիկադներն իրականացրել են իրենց առաքելությունը և պետք է հավաքվեն, իսկ Կրեշչատիկ փողոցի երթևեկությունն անհրաժեշտ է վերականգնել:
Նիկոլայ Ազարովի կառավարության' ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կասեցնելու որոշումից հետո Մայդանը 2013 թվականի նոյեմբերի 21-ից զբաղեցվել էր եվրաինտեգրմանը կողմնակիցների կողմից: Այնուհետև Մայդանը դարձավ ակտիվիստների և ուժայինների բախումների էպիկենտրոն: