Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասը հունիսի 17-ին կրկին հրթիռակոծության թիրախում է հայտնվել: Տեղացող հրթիռների և հրասանդների հետևանքով ևս մեկ հայ է զոհվել: Զոհվածը Վրեժ Ճապաղջուրյանն է: Աղբյուրի տեղեկացմամբ' կան նաև հայ վիրավորներ, որոնց անունները դեռ հայտնի չեն:
Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, Հալեպի Սեբիլ թաղամասում հրասանդների բեկորից զոհվել էր 1942թ. ծնված Սեդա Բասմաջյանը: Նրա հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հունիսի 17-ին Հալեպի ժամանակով ժամը 2-ին հայ առաքելական ս. Աստվածածին եկեղեցում:
Վերջին երկու ամսում Հալեպում տասնյակից ավելի հայեր են զոհվել և վիրավորվել: Սիրիական հակամարտության ավելի քան 3 տարվա ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: Մասնավորապես հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում և հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ վատթարացել է: Ահաբեկիչ խմբավորումների հարձակումների հետևանքով Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ անբնակ են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգման կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավերակ: Նոր Գյուղը և հալեպահայությունը կործանման վտանգի առջև են կանգնել...