Արքայազն Ֆիլիպեն տեղական ժամանակով կեսգիշերին (Երեւանի ժամանակով ժամը 02:00-ին) պաշտոնապես դարձել է Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորը: Նրա գահակալման արարողությունը հունիսի 19-ին տեղի կունենա երկրի խորհրդարանի ստորին եւ վերին պալատների համատեղ նիստում:

 

46-ամյա Ֆիլիպ VI-ը երդում կտա, իսկ այնուհետեւ հանդես կգա ճառով, որում, ինչպես սպասվում է, կներկայացնի իր՝ որպես պետության ղեկավարի գործունեության հիմնական ուղղությունները:

 

Արքայազնը լավ կրթություն է ստացել Իսպանիայում, Կանադայում եւ ԱՄՆ-ում, ինչպես նաեւ զինվորական պատրաստություն է անցել բոլոր զորատեսակներում: Երկար տարիներ արքայազնը կատարել է պաշտոնական արտասահմանյան ուղեւորություններ, ինչը նրան հնարավորություն է տվել անձամբ ծանոթանալու տարբեր երկրների բազմաթիվ ղեկավարների եւ թագավորական ընտանիքների անդամների հետ: Նա նաեւ այցելել է Իսպանիայի բոլոր ինքնավար մարզեր եւ քաջատեղյակ է նրանց հիմնախնդիրներին: Բացի այդ, Ֆիլիպեն աչքի է ընկնում համեստությամբ, դատողությունների կշռադատվածությամբ, զսպվածությամբ եւ լավ դաստիարակությամբ: Նրա հեղինակությունն արատավորված չէ որեւէ սկանդալով, իսկ արքայադուստր Լետիսիայի եւ երկու դուստրերի հետ ընտանեկան կյանքը սիրո եւ փոխադարձ խորը հարգանքի օրինակ է շատերի համար:

 

Դատելով հանրային կարծիքի հարցումների տվյալներից՝ նոր միապետը համակրանք է ներշնչում Իսպանիայի բնակչության մեծամասնությանը եւ վայելում է խոշորագույն քաղաքական կուսակցություննեերի աջակցությունը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: