ԱՄՆ-ի վարչակազմն այն կարծիքին է, որ Իրաքում պետք է ձեւավորվի նոր կառավարություն, որն առավել մեծ չափով կներկայացներ երկրում ապրող սուննիների ու քրդերի շահերը: Այդ մասին հաղորդել է ամերիկյան Wall Street Journal թերթը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին:

 

Դրա հետ մեկտեղ, ամերիկյան վարչակազմի կարծիքով, նոր կառավարության կազմում չպետք է լինի Իրաքի գործող վարչապետ շիա Նուրի ալ Մալիքին:

 

«Վարչակազմը համոզված է, որ շիաների առաջնորդն ի վիճակի չէ հաշտության հասնել սուննիների փոքրամասնության հետ եւ կայունացնել քաղաքական իրադրությունը»,- հրատարակությանը հայտարարել են ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի աղբյուրները:

 

Նոր կառավարության ստեղծումը, Սպիտակ տան կարծիքով, կարող է «սահմանափակել սուննիների կողմից «Իրաքի եւ Լեւանտի իսլանական պետություն» խմբավորմանը ցուցաբերվող աջակցությունը, ինչը կնպաստի «երկրի միասնության ամրապնդմանը եւ կրոնական պատկանելության հատկանիշով պառակտվածության աճի կանխմանը», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: