ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին առաջարկում է գալ կառուցողական դաշտ: Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբաքկցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խմբակցությա ն անունից ձայնի իրավունք խնդրեց, որի ժամանակ անդրադարձավ ոչ իշխանական ուժերի քայլերին, ովքեր առավոտյան բոյկոտել էին խորհրդարանի արտահերթ նիստը: «Առավոտյան մի ողբալի վիճակ էր, երբ ընդդիմությունը որոշեց ևս մեկ անգամ փորձ կատարել ձախողել ԱԺ բնականոն աշխատանքները, բայց այդ ամենը տևեց երկու-երեք րոպե, և ընդմիջումից հետո մի խղճալի վիճակ էր ստեղծվել նրանց համար, որովհետև հերթ էին կանգնել Գալուստ Սահակյանի մոտ, որ թույլ տա գրանցվել: ԱԺ նախագահն էլ բավական մեծահոգի գտնվեց: Ես, օրինակ, թույլ չէի տա: Իսկ ովքեր չէին հասցրել գրանցվել, խնդրում էին թույլ տալ, որ հարցեր տան: Վերջ տվեք այս խաղերին և մտեք կառուցողական դաշտ»,- հորդորեց Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով' երբ ընդդիմությունը 12 կետերն առաջարկեց, հանրապետականները մտածեցին, թե ընդդիմությունը վերջապես կառուցողական է մտածում և փողոցից ցանկանում է տեղափոխվել ամբիոն' հարցերը քննարկելու: Եվ ընդդիմությունը սարսափեց այդ «կառուցողական» բառից ու սկսեց պատրվակներ փնտրել' ինչպես կործանանար աշխատանքներ տանի ու ձախողի ԱԺ աշխատանքները: «Հանրապետականները սկզբունքային մարդիկ են, իսկ պնդաճակատը պետք է փորձ կատարի, որ դա հասկանա: Մարդիկ երեկոյան որոշում են, որ պետք է լավ օրենքներին քվեարկեն, բայց հաջորդ գիշեր ինչ-որ բան են որոշում ու չեն գրանցվում, այսինքն' փորձում են պնդաճակատ լինել, որը նրանց մոտ կրկին չի ստացվում, որովհետև պնդաճակատ լինելու համար պետք է նախ սկզբունքային լինել»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Բաղդասարյանը նշեց, որ իրենք ցանկանում են, որպեսզի քառյակը երկարատև գործունեություն ծավալի, որովհետև նրանց համագործակցությունը սթափեցնում է իրենց: «Ես նաև իմ գործընկերներին եմ խնդրում՝ անենք ամեն ինչ, որպեսզի քառյակը երկարատև լինի, սակայն, ինչպես տեսնում եմ' հենց քառյակի ներսում իրենք չեն ցանկանում, որ այն երկարատև լինի: Այնպիսի տպավորություն է, որ կարծես այնտեղ մրցավազք է գնում, թե ով է ավելի լավ ընդդիմություն»,- ասաց Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ իրենք չեն ցանկանում դա թույլ տալ, որովհետև ցանկանում են ավելի լավ աշխատել, իսկ քառյակ ի համագործակցությունն իրենց սթափեցնում էր:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք պատրաստ են քննարկել քառյակի բոլոր առաջարկները, սակայն ոչ պահանջները: Նա քառյակի անդամներին կոչ արեց այլևս չօգտագործել պահանջ բառը, այլ դրա փոխարեն տալ առաջարկ ձևակերպումը: Բաղդասարյանը նաև կարծիք հայտնեց, որ եթե նույնիսկ ՀՀԿ-ն ընդուներ քառյակի առաջարկած կետերը , նրանք էլի նստելու էին ու մտածելու, թե ինչպես անեն, որ իշխանությունները ձախողվեն: