Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հույս ունի, որ խորհրդարանական ոչ իշխանական խմբակցութուններն այնքան խոհեմ կլինեն, որ չեն ընդունի ԱԺ աշխատանքները բոյկոտելու՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջարկը: «Արմենպրես»-ի հետ զրույցում, մեկնաբանելով ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը, որում նրանք առաջարկում են բոյկոտել Ազգային ժողովի աշխատանքները, քանի դեռ չեն հայտնաբերվել ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգման և ծեծի մեղավորները, նկատեց, որ նույն այդ ուժերը խորհրդարանի աշխատանքները չեն բոյկոտել Գյումրիի դեպքերից հետ կամ մնացած այլ դեպքերում: «Իսկ ինչո՞ւ Գյումրիի դեպքերից կամ մնացած դեպքերից հետո չէին բողոքում:

 

Այդ հարցը նրանք մեզ հետ դեռ չեն քննարկել: Երբ կառաջարկեն, մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք: Ես հույս ունեմ, որ ոչ իշխանական մյուս ուժերը խոհեմ կգտնվեն և չեն գնա այդ ճանապարհով: Եթե նրանց նպատակը խորհրդարանի աշխատանքները խաթարելն է, դա արդեն այլ հարց է, սակայն ես չեմ կարծում, որ սա այն դեպքն է, որ պետք է բոյկոտեն Ազգային ժողովի աշխատանքները: Չեմ կարծում, որ Ազգային ժողովի աշխատանքները խաթարելը քաղաքական պայքարի ճիշտ ճանապարհ է»,- ընդգծեց Բաղդասարյանը:

 

Նա կարծիք հայտնեց, որ Ազգային ժողովն այս դեպքում ընդհանրապես կապ չունի, քանի որ այն խաղադաշտ չէ քաղաքական կուսակցությունների համար: «Խորհրդարանը քաղաքական կուսակցությունների համար խաղադաշտ չէ, որ ամեն մեկն իր քմահաճույքներով շարժվի: Ես կարծում եմ, որ երբ իրավապահները կհայտնաբերեն երիտասարդի նկատմամբ բռնությունների մեղավորներին և հայտնի կլինեն իրական դրդապատճառները, նոր միայն կարելի կլինի գնահատականներ հնչեցնել»,- ընդգծեց Բաղդասարյանը:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը ընդգծեց, որ բռնության ցանկացած դեպք դատապարտելի է: Իշխանությունները բոլորից շատ են շահագրգռված, որպեսզի նման դեպքեր չլինեն: Անդրադառնալով որոշ ԲՀԿ-ականների հայտարարություններին, թե Արտակ Խաչատրյանի ծեծի հետևում կանգնած են ՀՀ իշխանությունները՝ Բաղդասարյանը կոչ արեց զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և սպասել մինչ իրավապահները կանեն իրենց աշխատանքը և կտան բոլոր հարցերի պատասխանները: «Նույն կերպ մենք կարող ենք սլաքն իրենց վրա ուղղել և ասել, որ հերթական անգամ առիթ են նախապատրաստում փողոց դուրս գալու համար: Սակայն ավելի լավ կլինի զերծ մնալ մեղադրանքներից և սպասել իրավապահ մարմինների գործողություններին»,- եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

 

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ խմբակցությունում Ազգային ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը չեն քննարկել: «Մենք հարգանքով ենք վերաբերում մեր գործընկերների այդ առաջարկին: Մենք այդ հարցը դեռևս խմբակցությունում չենք քննարկել, սակայն գտնում ենք, որ այս հարցի վերաբերյալ համարժեք դիրքորոշում պետք է որդեգրի նաև խորհրդարանը, որովհետև այս բռնարարքների շղթան լայն բնույթ է ստանում, իսկ նման բռնարարքներից ոչ մեկ ապահովագրված չէ»,- ընդգծեց Հակոբյանը:

 

Նա նշեց, որ այս հարցում եռյակի անդամ քաղաքական ուժերը միասնական դիրքորոշում կունենան: «Սակայն միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ սա այն հանցագործությունների թվին է պատկանում, որ իշխանությունները քաղաքական կամք ունենալու դեպքում կկարողանան բացահայտել մինչև հաջորդ քառօրյա: «Եթե չբացահայտի, ես կարծում եմ՝ մենք երեք քաղաքական ուժերով համարժեք քայլի կգնանք: Խոսքն այս դեպքում միայն բոյկոտի մասին չէ»,- ընդգծեց պատգամավորը:

 

Հարցին, թե չի պատրաստվում եռյակը հարցը քննարկել նաև ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի հետ, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Առայժմ այս հարցը քննարկման փուլ չի մտել: Երբ կսկսենք քննարկել, ես կարծում եմ, որ մենք կքննարկենք նաև մեր մյուս գործընկերների հետ»,- ասաց Հակոբյանը:

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը հայտարարություն է տարածել, որում դատապարտելով ակտիվիստ Արտակ Խաչատրյանի նկատմամբ իրականացված բռնությունը, Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերին առաջարկել է բոյկոտել խորհրդարանի աշխատանքները, քանի դեռ իրավապահները չեն հայտնաբերել բռնության մեղավորներին: ԲՀԿ քաղխորհրդի հայտարարության մեջ ասված է, որ ԲՀԿ խորհրդարանական խմբակցությանն առաջարկվել է խորհրդարանական մյուս ուժերի հետ քննարկել Ազգային ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը: