Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի արեւելքի իրադրությունը: Այդ մասին հաղորդել են նրանց մամուլի ծառայությունները:

 

«Վլադիմիր Պուտինը կարեւորել է կրակի դադարեցումը Ուկրաինայի հարավ-արեւելքի կոնֆլիկտային գոտիներում՝ հակամարտության կենսունակ կարգավորման հասնելու նպատակով»,- ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

Պորոշենկոն նշել է պատանդներին ազատելու եւ ուկրաինա-ռուսական սահմանի հսկողության արդյունավետ ռեժիմ հաստատելու անհրաժեշտությունը: Նա ասել է, որ հրադադարի հետ մեկտեղ աջակցություն է ակնկալում իր խաղաղ ծրագրին:

 

Ինչպես ընդգծում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը, Պուտինն աջակցություն է հայտնել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում իրադրության ապաէսկալացմանն ուղղված ջանքերին:

 

Հունիսի 19-ին ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: