Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժրի 12 առաջարկությունների մեծ մասն արտացոլված էկառավարության ծրագրում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Եթե համագործակցություն են առաջարկում, ապա չի կարելի պահանջներ ներկայացնել: Յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն մեր կողմից ընդունվելու է: Այնպես որ, մեզ համար կարևոր չէ, թե ով է առաջարկում, կարևոր է, որ մենք կատարենք գործ, որը կզարգացնի մեր տնտեսությունը և կստեղծի հավասար պայմաններ բոլորի համար»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը բոլորի հետ պատրաստ է համագործակցել, իսկ յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրը պետք է լինի աջակցել այն աշխատանքներին, որոնք բխում են պետության շահերից:
Խորհրդարանական «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունները կառավարությանն են ներկայացրել 12- կետից բաղկացած փաթեթ և պահանջել, որպեսզի մինչև սեպտեմբեր դրանք իրականություն դառնան: