Դիլիջան քաղաքում այսօր' հունիսի 20-ին, տեղի է ունեցել Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում իրականացվող Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի համատեղ կառավարման կոմիտեի (ՀԿԿ) առաջին նիստը' ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի եւ Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Թենգիզ Շենգելաշվիլիի համանախագահությամբ:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի հիմնական նպատակը տեղական իշխանությունների, համայնքների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջեւ միջսահմանային կապերի ամրապնդումն է ՝ օգնելով մշակելու համատեղ լուծումներ վերոնշյալ շրջաններում սոցիալական եւ տնտեսական զարգացման ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու համար: Ծրագրի շահառու են Հայաստանի Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերը, Վրաստանի՝ Քվեմո Քարթլիի ու Սամցխե Ջավախեթիի տարածաշրջանները:
Կոմիտեի նիստում քննարկվել եւ հաստատվել է Հայաստան-Վրաստան համատեղ գործառնական ծրագիրը, որը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության համատեղ ջանքերով՝ Արեւելյան գործընկերության տարածքային համագործակցության ծրագրի աջակցությամբ: Կոմիտեի նիստում մասնակիցները նաեւ վերահաստատել են Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի նպատակները, առաջնահերթությունները եւ համատեղ մարտահրավերները:
Համատեղ կառավարման կոմիտեում ընդգրկված են երկու երկրների պետական կառավարման, ՏԻՄ-երի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներ: