Թուրքիայի քրեական դատարանը որոշել է ազատ արձակել 230 սպաների, ովքեր կալանավորվել էին 2012 թվականին, վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարությունը տապալելու նպատակով դավադրություն նախապատրաստելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:

 

Դատարանը որոշումը հիմնավորել է այն բանով, որ դատաքննության ընթացքում կալանավորների նկատմամբ մի շարք սխալներ են թույլ տրվել: Դրանից մեկ օր առաջ Թուրքիայի Սահմանադրական դատարանը վճռել էր, որ դատաքննության ընթացքում սպաների իրավունքները խախտվել են:

 

Թուրքիայի զինված ուժերի սպաները ցմահ բանտարկության էին դատապարտվել 2013 թվականի օգոստոսին: Նրանք «Էրգենեկոն» գաղտնի ծայրահեղ ազգայնական կազմակերպության գործող անձինք են եղել, որը մեղադրվում էր Թուրքիայում 2003 թվականին պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ:

 

«Էրգենեկոն»-ի գործով անցել են մոտ 400 անձինք' քաղաքական եւ հասարակական գործիչներ, գործող եւ թոշակառու բարձրաստիճան զինվորականներ, գեներալներ, լրագրողներ, փաստաբաններ, բուհերի դասախոսներ, ոստիկաններ: Նրանց նկատմամբ դատավարությունն ընթացել է 2007 թվականից: Թուրքիայի ընդդիմությունը «Էրգենեկոն» դատական գործն անվանում է «վհուկների որս»' մեղադրելով իշխանություններին կեղծարարությունների մեջ: Թայիբ Էրդողանի կառավարությունը ժխտում է այդ մեղադրանքը: