Մի քանի տարի շարունակ Սիրիայում տեղի ունեցող գործողությունների հետևանքով հարևան Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը շարունակում է ավելանալ: Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը սիրիացի փախստականների թվի վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը , փոխվարչապետի խոսքերով' Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը ներկա պահին գերազանցել է մեկ միլիոնը:
Բեշիր Աթալայը հայտնել է, որ ներկայում երկրում կա 1 միլիոն 50 հազարից ավել գրանցված սիրիացի փախստական:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով' պատերազմի արդյունքում սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 2 միլիոն 800 հազարը: Վերջիններս հաստատվել են հարևան պետություններում' Թուրքիայում, Հորդանանում, Լիբանանում և Իրաքում:
Սիրիայում շուրջ երեք տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 130 հազարը: Զոհված հայերի թիվն անցնում է 100-ը: