Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ հունիսի 23-ին Ստրասբուրգում բացվող ամառային նստաշրջանի գլխավոր թեմաները կլինեն նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ելույթը:
Գլխավոր քարտուղարը Խորհրդի բարձրագույն պաշտոնատար անձն է, որն այն ներկայացնում է միջազգային ասպարեզում: Նա որոշում է Եվրախորհրդի քաղաքականությունը եւ վերահսկում է նրա քարտուղարության աշխատանքը:
Գլխավոր քարտուղարը նաեւ հետեւում է պետությունների կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի գծով իրենց պայմանագրային պարտավորությունների կատարմանը: Նա իրավունք ունի մասնակից պետություններից պարզաբանումներ պահանջել, թե նրանք ինչպես են կատարում Կոնվենցիայի դրույթները: Իրենց հերթին մասնակից պետությունները պարտավոր են համապատասխան տեղեկատվություն տրամադրել:
Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու՝ ներկայիս գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը եւ ԵԽԽՎ-ի՝ ՅՈՒԿՕՍ-ի գործով նախկին զեկուցող, Գերմանիայի արդարադատության նախկին նախարար Սաբինա Լոյտհոյզեր-Շնարենբերգերը: Յագլանդն իր աշխատանքում վերջին ժամանակներս հատուկ ուշադրություն էր դարձնում Խորհրդի բարեփոխմանը, Եվրամիություն-Եվրախորհուրդ հարաբերությունների բարելավմանը եւ «Եվրոպան քաղաքացիների համար» հայեցակարգի առաջշարժմանը: Լոյտհոյզեր-Շնարենբերգերը իր գործունեության մեջ հիմնական շեշտը դնում է մարդու իրավունքների հարգման, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության վրա:
Գլխավոր քարտուղարն ընտրվում է հինգ տարի ժամկետով: Եթե թեկնածուն ընտրությունների առաջին փուլում չի հավաքում ձայների ավելի քան 50 տոկոսը, կազմակերպվում է երկրորդ փուլ: Այդ փուլի հաղթող է դառնում այն թեկնածուն, որը հավաքում է ձայների պարզ մեծամասնությունը:
ԵԽԽՎ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա հունիսի 24-ին:
Նստաշրջանի նախօրեին հայտնի է դարձել, որ եվրախորհրդարանականների առջեւ պլանավորում է ելույթ ունենալ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Վեհաժողովի աշխատակազմի ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ «սկզբում Ուկրաինայի նախագահը վեհաժողովում ելույթ կունենա կարճ հաղորդմամբ, իսկ այնուհետեւ կպատասխանի խորհրդարանականների հարցերին»:
Ինչպես սպասվում է, Ուկրաինայի նախագահի ելույթը տեղի կունենա հունիսի 26-ին: Պորոշենկոյի ելույթից բացի, նստաշրջանի շրջանակներում կներկայացվեն Ուկրաինայի վաղաժամկետ նախագահական ընտրությունների դիտարկման արդյունքները, ընտրություններ, որոնք հանրապետությունում անցկացվել են մայիսի 25-ին:
ԵԽԽՎ-ում քննարկվելիք այլ հարցերի թվում են ԶԼՄ-ներում բռնությունների հիմնախնդիրը, Եվրախորհրդի Զարգացման բանկի գործունեությունը, Արեւմտյան Սահարայի հակամարտությունը, խորհրդարանականները կքննարկեն նաեւ «Եվրոպական ժողովրդավարության կատարելագործման մասին. ֆեդերալ Եվրոպայի տանող ճանապահի խոչընդոտները» զեկույցը: Նախարարների կոմիտեի անունից հաղորդմամբ հանդես կգա դրա նախագահ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: