Վերջին մեկ ամսվա ընթացքում կտրուկ ավելացել է այն ամերիկացիների թիվը, ովքեր դժգոհ են նախագահ Բարաք Օբամայի վարած արտաքին քաղաքականությունից: New York Times թերթի և CBS հեռուստաալիքի սոցիոլոգիական հարցման՝ հունիսի 23-ին հրապարակված արդյունքները վկայում են, որ Օբամայի քաղաքականությունից դժգոհ են երկրի յուրաքանչյուր տասը բնակիչներից վեցը:

 

Հարցման համաձայն՝ ԱՄՆ-ի բնակիչների 58 տոկոսը հավանություն չի տալիս արտասահմանում Օբամայի վարած քաղաքականությանը, ինչը 10 տոկոսային կետով ավելի է, քան մեկ ամիս առաջ: Այդ ընթացքում ԱՄՆ-ն ակտիվորեն մասնակցել է արտերկրի մի շարք հակամարտությունների, մասնավորապես, աջակցել է Ուկրաինայի կառավարությանը երկրի հարավ-արևելքում ուժային գործողություն իրականացնելու հարցում, ինչպես նաև նոր տնտեսական պատժամիջոցներ է մշակել Ռուսաստանի դեմ:

 

ԱՄՆ-ն նաև հայտարարել է Աֆղանստանում պատերազմի ընթացքում ամերիկացի միակ ռազմագերու ազատման և Լիբիայի Բենգազի քաղաքում կատարված ահաբեկչական գործողության մեջ կասկածվողին բռնելու մասին, որի հետևանքով 2012 թվականին զոհվել են չորս ամերիկացիներ:

 

Բացի այդ, ԱՄՆ-ն անակնկալ ճգնաժամի է բախվել Իրանում, որտեղից ամերիկյան զորքերը հեռացել են 2011 թվականին' ութամյա բռնազավթումից հետո: Իրաքի կառավարությունը հայտնվել է ծայրահեղականներից ռազմական պարտություն կրելու եզրին, որոնք անսպասելիորեն գրավել են մի շարք խոշոր քաղաքներ և երկրի տարածքի զգալի մասը: Նախագահ Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն կօգնի Իրաքի կառավարությանը, բայց իր զորքերը չի ուղարկի այնտեղ:

 

Օբամայի արտաքին քաղաքականության նկատմամբ անվստահության աճը հատկապես մեծ է նրա կուսակից դեմոկրատների շրջանում. Դեմոկրատական կուսակցության ընտրողների մոտավորապես մեկ երրորդը հավանություն չի տալիս այն բանին, թե նախագահն ինչպես է ղեկավարում երկրի արտաքին քաղաքականությունը: Հարցումն անցկացվել է հունիսի 20-22-ին: Դրան մասնակցել են երկրի բոլոր նահանգների 1009 չափահաս ամերիկացիներ: Հարցման վիճակագրական սխալանքը 3 տոկոս է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: