Ռուսաստանը ողջունել է Սիրիայից քիմիական զենքերի դուրսբերման գործընթացի ավարտը: Ինչպես հաղորդում է ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը: Հայտարարության մեջ նշվել է, որ Ռուսաստանը մեծ գոհունակությամբ ողջունում է Սիրիայից բոլոր տեսակի քիմիական զենքերի հաջող դուրսբերումը: Այդպիսով ավարտվել է չափազանց կարևոր և բարդ փուլը' ռեկորդային 6 ամիս ժամանակահատվածում իրականացնելով բացառիկ գործընթացը:
Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ' ռուս դիվանագետները Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործընկերներին շնորհակալություն կհայտնեն և կուսումնասիրեն արդյունքները: Հայտարարության մեջ նաև նշվել է, որ քիմիական զենքերի ոչնչացումը միջազգային համագործակցության վառ օրինակ է:
Ավելի վաղ' հունիսի 23-ին, Քիմիական զենքերի արգելման կազմակերպության ղեկավար Ահմադ Օզմունջոն հայտարարել էր, որ Սիրիայից դուրս է բերվել քիմիական զենքերի վերջին խմբաքանակը: Նա նաև ավելացրել է, որ հաջորդ 60 օրվա ընթացքում քիմիական զենքերի մեծ մասը կոչնչացվի: Մինչ այդ կազմակերպությունը մտահոգված էր, որ մինչև հունիսի 30-ը քիմիական զենքերի 8 տոկոսը անհնարին կլինի դուրս բերել Սիրիայից:
Սահմանված ժամկետի համաձայն' Սիրիայի քիմիական զենքերը երկրից պետք է դուրս բերվեին մինչև հունիսի 30-ը: Վերջին խմբաքանակը գտնվում էր բախումների շրջանում, ուստի սիրիական իշխանություններին երկար ժամանակ չէր հաջողվում կազմակերպել դրանց դուրսբերումը: