Միջերկրական ծովում՝ ամերիկյան «Քեյփ Ռեյ» (Cape Ray) մասնագիտացված նավում, սկսվել է Սիրիայից դուրս բերված քիմիական զենքի ոչնչացումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվ Ուորենը:

 

Գործողությունը, սպայի խոսքով՝ տեղի է ունենում միջազգային ջրերում: Ընդամենը նավում կա 600 տոննա քիմիական նյութ: Զանգվածային բնաջնջման զենքի ոչնչացումը պլանավորվում է ավարտել 60 օր հետո, ասել է Ուորենը՝ նշելով, որ ստույգ ժամկետների վրա կարող է ազդել եղանակը:

 

«Երբ չեզոքացման գործընթացն ավարտվի, «Քեյփ Ռեյը» վերամշակված նյութերը կհասցնի Ֆինլանդիա և Գերմանիա՝ դրանց օգտահանման համար»,- հավելել է Պենտագոնի ներկայացուցիչը:

 

Քիմիական զինանոցի վերջին մասը Սիրիայից դուրս է բերվել հունիսի 23-ին:

 

Հուլիսի 7-ին հրապարակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի նամակն Անվտանգության խորհրդին, որտեղ ասված է, որ ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ պատվիրակությունը հավաստել է զարին թունավոր գազի առկայությունն այն գլաններում, որոնք 2013 թվականի օգոստոսին առգրավվել են սիրիացի զինյալներից: