Ուկրաինայում իրադրության կարգավորման գործընթացը շատ դանդաղ Է ընթանում, եթե իրադրությունը չշտկվի, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների խստացման հարցը «վերստին կարող Է հայտնվել օրակարգում»: Այդ մասին հունիսի 25-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:
Ավելի վաղ Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպյոյը հայտնել Է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը վերստին կքննարկվի Եվրամիության հունիսի 26-27-ի գագաթնաժողովում:
Մինչ այդ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, սպառնալով նոր պատժամիջոցներով, Ռուսաստանից պահանջել են դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինայի արեւելյան տարածաշրջաններին եւ ուկրաինացի «անջատականների» պատրաստումը:
«Երկու ղեկավարները ողջունել են Ուկրաինայի արեւելքում հրադադարի ապահովման ուղղությամբ նախագահ Պորոշենկոյի գործադրած ջանքերը: Նրանք նշել են, որ, թեեւ նախագահ Պուտինը կոչ է արել անջատականներին ընդունել զինադադարը, մենք դեռ պետք է տեսնենք, որ Ռուսաստանը կոնկրետ գործողություններով դադարեցնում Է Ուկրաինայի սահմանով զենքի մատակարարումները եւ անջատողական խմբավորումների վարժեցումը»,- ասված է վարչապետի գրասենյակի ներկայացուցչի հայտարարության մեջ:
Նա հիշեցրել է, որ «յոթնյակն» արդեն կոչ է արել Ռուսաստանին ձեռնարկել այդ միջոցները եւ նախագուշացրել է, որ հակառակ դեպքում Մոսկվային պատժամիջոցներ են սպասում:
«Վարչապետը նշել է, որ այդ խնդիրը քննարկելու է Եվրոպայի մյուս ղեկավարների հետ եւ պնդելու է շարունակել համապատասխան պատժամիջոցներ սահմանելու նախապատրաստական աշխատանքները»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: