Միացյալ Նահանգները Եվրամիության հետ քննարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը, քանզի գտնում է, որ նրա գործողություններն ապակայունացնում են Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը՝ լրա գրողների խնդրանքով մեկնաբանելով Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների շուրջ ԵՄ-ում անցկացված քննարկումները:
Նա հայտարարել է, որ «հաշվի առնելով վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանի գործողությունները, ոչ մի զարմանալի բան չկա, որ ԵՄ-ն քննարկում է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների հարցը»: Նրա խոսքով՝ նախագահ Բարաք Օբաման այդ թեմայի շուրջ հեռախոսազրույց է անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջեւ կոնսուլտացիաները կշարունակվեն: Սակայն «այժմ ես ոչինչ չունեմ հայտնելու» Ռուսաստանի դեմ ամերիկյան որեւիցե նոր պատժամիջոցի վերաբերյալ, հավելել է Էռնեստը:
Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, նա նշել է, որ Միացյալ Նահանգները «ջանում է Եվրոպայի իր դաշնակիցների հետ համակարգել» հնարավոր քայլերն այդ բնագավառում, «որպեսզի պատժամիջոցներն առավելագույնս արդյունավետ լինեն»:
Հունվարի 29-ին ԵՄ-ի խորհուրդը Բրյուսելում կայացած խորհրդակցությունում որոշում է ընդունել Ռուսաստանի ֆիզիկական անձանց նկատմամբ եւս կես տարով երկարացնել անհատական պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է մարտին: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Ռուսաստանի կառավարությունն այդ պատժամիջոցներն անօրինական է համարում եւ քանիցս նախազգուշացրել է, որ դրանց օգնությամբ չի հաջողվի ստիպել Մոսկվային՝ փոխելու իր քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ: Ինչպես հայտարարել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, «անհրաժեշտ է գիտակցել, որ Ռուսաստանի վրա միակողմանի պատժամիջոցների ճանապարհով ճնշում գործադրելու փորձերը, որոնց կիրառումն անօրինական է եւ դատապարտված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումներով, մեզ չի ստիպի հրաժարվել այն քայլերից, որոնք մենք արդար ու ճշմարիտ ենք համարում»: