Ադրբեջանական զինուժը կրակոցներ է արձակել Հայաստանի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կրակոցներն ինտենսիվ չեն եղել: «Հայկական կողմում տուժածներ չկան: Այդ կրակոցներն արդեն սահմանամերձ գյուղերի բնակիչների համար սովորական բ նույթ են կրում»,-ասաց Հովհաննիսյանը:
Հակառակորդի զինուժը թիրախավորել է գյուղը, գնդակները հասել են գյուղապետարանի շենքին, եկեղեցուն, դպրոցին։
Ադրբեջանական ուժերը վերջին շրջանում հաճախակի են դարձրել հայկական բնակավայրերի ուղղությամբ կրակահերթերն ու նպատակային հարվածները: Նրանք հրադադարի խախտում են թույլ տվել ընդհուպ նույնիսկ Նախիջեւանի սահմանին, որի հետեւանքով հունիսի 5-ին ՀՀ ԶՈւ պայմանագրային երկու զինծառայողներ էին զոհվել' 1988թ. ծնված Անդրանիկ Սամվելի Եղոյանը եւ 1992թ. ծնված Բորիս Բենիկի Գասպարյանը:
Հունիսի 24-ին Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը: