Երկու երիտասարդ անցած գիշեր փորձել են ինքնասպանություն գործել' Բաքվի ծովափնյա բուլվարում նետվելով ծովը: Այս մասին հայտնում է haqqin.az լրատվական կայքը' հղում կատարելով Ադրբեանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:

 

Երիտասարդները, որոնց անունները չեն նշվում, ծովն են նետվել փրկարարների մոտակա կետից 700 մ հեռավորության վրա: Փրկարարներին հաջողվել է ծովից կենդանի դուրս բերել ինքնասպանության փորձ անողներին:

 

Կայքը հայտնում է, որ Բաքվի բուլվարում ինքնասպանությունների փորձերի դեպքերը հաճախակիացել են, եւ բաքվեցիների սիրելի հանգստի գոտի բուլվարը կածես վերածվել է ինքնասպանություներրի վայրի:

 

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն' 2014 թ. այդ երկրում արդեն 142 (հունիսի 21-ի դրությամբ) ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 11-ը անչափահասներ են եղել: 10 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:

 

Ադրբեջանում այս տարվա ընթացքում ինքնահրկիզման են դիմել արդեն 11 քաղաքացիներ, որոնցից 4-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իշխանությունների կողմից իրենց իրավունքների խախտման, իրենցից կաշառք պահանջվելու եւ այլ պատճառներով:

 

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Ադրբեջանում ինքնասպանությունների խնդրի հետ կապված Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կողմից Բաքվում կազմակերպված լսումների մասնակիցները հայտնել են, որ Ադրբեջանում 2008 թ. 138, 2009 թ.165, 2010 թ. 289, 2011 թ. 414, 2012 թ. 482 ինքնասպանության դեպքեր են գրանցվել: 2013 թ. 920 ինքնասպանության դիմելու փորձ է կատարվել, որոնցից առնվազը 500-ն ավարտվել են մահվամբ:

 

Ադրբեջանի «Կանանց ճգնաժամային կենտրոնի» հոգեբան Ազադ Իսազադեն ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ Ադրբեջանում ինքնասպանութունների աճը հասարակության մեջ ավելացող ագրեսիայի արդյունք է: Նրա կարծիքով, ինքնասպանությունը բողոքի ակցիա է: «Երբ մարդուն ոչ պետությունը, ոչ էլ հասարակությունը ուշադրություն չեն դարձնում, նա իր ձայնը լսելի է դարձնելու համար ինքնասպան է լինում», -հայտարարել է ադրբեջանցի հոգեբանը:

 

Ադրբեջանում ինքնասպանությունների նման աննախադեպ ալիքը կանխելու համար անգամ անցած հունվարին Բաքվում անցկացվել է հատուկ ֆլեշմոբ: