Ուկրաինայի պետական ճարտարապետաշինարարական տեսչությունը կոչ է արել հետևել շենքերի արտաքին տաքացման և սալիկապատման պետական շինարարական նորմերին:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:

 

 

«Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում իրադարձությունների օրինակը, որտեղ բազմահարկ բնակելի տանը հրդեհի հետևանքով զոհվել էր 15 մարդ, ապացուցում է, որ անվտանգության բազային պահանջների անտեսումը կարող է բերել աղետալի հետևանքների», -ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

 

 

Ուկրաինայի պետական ճարտարապետաշինարարական տեսչությունը նշում է, որ ողբերգությունից, որը տեղի է ունեցել Ադրբեջանի մայրաքաղաքում, խուսափելու ամենալավ երաշխիքը հանդիսանում է պետական շինարարական նորմերի ու չափանիշների և ընդհանուր առմամբ քաղաքաշինական օրենսդրության պահպանումը:

 

 

Մայիսի 19-ին Բաքվի Ազադլըգ պողոտայում հրդեհավտանգ պլաստիկ սալիկներով պատված 16-հարկանի շենքի այրվելու հետևանքով 16 բնակիչ զոհվել, 60-ից ավելի բնակիչ էլ հոսպիտալացվել են: