Հունիսի 6-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն իր թիվ 60-Ա որոշմամբ` Լյուբիկ Չիբուխչյանին ազատեց մարզպետի խորհրդականի պաշտոնից: Որպես որոշման հիմք նշվում է Լ. Չիբուխչյանի անձնական դիմումը:

 

Ավելի ուշ Չիբուխչյանը զանգահարեց Aravot.am և հայտնեց, որ զանգահարել է Հայաստանում BBC-ի թղթակցին և հայտարարել, որ ինքը ընտանյոք հանդերձ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից քաղաքական ապաստան է հայցում:

 

Լուրեր.com-ը Չիբուխչյանի հայտարարության և ադրբեջանական մամուլի արձագանքի մասին, զրուցեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի հետ:

 

Վերջինիս խոսքով` այսպիսի դեպքերը, ցավոք սրտի, արդեն պարբերական բնույթ են կրում, երբ որոշ գործիչներ, դեմքեր, փորձում են իրենց մասին ավելորդ անգամ հիշել տալ:

 

«Բնականաբար, բոլորս էլ գիտենք, որ հնարավոր է հանդիպել խոչընդոտների, չինովնիկների անօրինությունների, բայց ես չեմ կարծում, որ դա առիթ է սեփական հայրենիքն այսպիսի հարվածի տակ դնելու»,- ասաց Ասատրյանը:

 

Վերջինիս խոսքով` ադրբեջանական մամուլում գրում են, որ Հայաստանում այնպիսի վիճակ է, երբ անգամ մտավորականներն են իրենցից ապաստան խնդրում:

 

Հարցին, թե ապաստան տրամադրելու մասին ադրբեջանական մամուլում տեղեկություններ կա՞ն, թե՞ ոչ, Ասատրյանն ասաց. «Ապաստան տրամադրելու մասին դեռ ոչինչ չկա: Ես կարծում եմ` սա իրենց համար աղմուկ բարձրացնելու համար լավ առիթ էր, իսկ կտան ապաստան, թե ոչ, ժամանակը ցույց կտա, բայց ամեն դեպքում, եթե տան էլ, դա կվերածեն PR ակցիայի»:

 

Հիշեցնենք, որ Չիբուխչյանը մի շարք գրքեր է գրել` նվիրված ՀՀ նախագահին, ԼՂՀ նախագահին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Վլադիմիր Պուտինին: Չիբուխչյանի խոսքով` ինքն ավելի քան 170 գրքերի հեղինակ է:

 

Չիբուխչյանն ավելի վաղ գրել էր գիրք` «Էլնարա», նվիրված ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաևային, ով երգում է «Ա բլբուլ» երգը, և հենց այդ երգն էլ ոգեշնչել էր Չիբուխչյանին:

 

Նշենք, որ «Ա բլբուլ» երգը հակահայկական երգ է: Տեսահոլովակում վանդակի մեջ գտնվող սոխակը ադրբեջանցիների համար խորհրդանշում է Արցախը: Ցույց են տալիս, թե ինչպես է սոխակը վանդակի մեջ թռչկոտում, գերյալ է` որպես ադրբեջանցիների համար կորսված Արցախի խորհրդանիշ: 

 

Նշենք նաև, որ Չիբուխչյանի` Ադրբեջանից ապաստան խնդրելուց հետո, հնչեցին կարծիքներ, որ այդ գիրքը գրվել էր նպատակային, որ հետագայում օգտագործվեր, թե իրեն Հայաստանում հալածանքի են ենթարկում, որ ինքը քաղաքական ապաստանի հիմք ունենա: Բայց չստացվեց, որովհետև այդ գրքի համար իրեն ոչ ոք չհալածեց, մենք հո Բաքուն չե՞նք, որ գիրք վառենք կամ մարդ սպանենք:

 

Գիրքը պարզապես անտեսվեց և արհամարհվեց:



Գայանե Համբարձումյան