Թուրքիայի պետական շրջանակները շարունակում են միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջորդական առաքելությունը ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը' տարբեր գնահատականներ տալով համանախագահների աշխատանքներին: Թուրքիայի' ԵՄ հարցերով նախարար Մովլուդ Չավուշօղլուն, հետ չմնալով ԼՂ հիմնախնդրում իր պետության որդեգրած դիրքորոշումից, Բաքվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ շտապել է իր կարծիքը հայտնել խնդրի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Մասնավորապես, Չավուշօղլուն, Մինսկի խմբի համանախագահներից անտեսելով Ֆրանսիային, մեղադրել է մյուս երկու համանախագահներին' ԱՄՆ-ին և Ռուսաստանին' ասելով, թե «եթե նրանք ցանկանային, արդեն վաղուց միասին կկարողանային լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար»: «Մինչ օրս ԵԱՀԿ Մինսկի խումբը, միջազգային դերակատարները անկեղծ ջանքեր չեն գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»,- հայտարարել է Չավուշօղլուն: Թուրքիայի' ԵՄ հարցերով նախարարը հավելել է, որ սառեցված հակամարտությունները եվրոպական մասշտաբով վտանգ են ներկայացնում կայունության համար:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանն անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվումհունիսի 28-ից հուլիսի 2-ը: ԵԱՀԿ ԽՎ նիստին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը, որը ղեկավարում է Արտաշես Գեղամյանը: Պատվիրակության կազմում են նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը,ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ինչպես նաև մեկական ներկայացուցիչներ ՀՀ ԱԳՆ-ից և ԱԺմիջազգային կապերի բաժնից: