Հայաստանի ակտիվ հանրույթի մի զգալի մասին վրդովեցրել է ռուսական պետական РТР հեռուստաալիքով ցուցադրված մի հաղորդում, որում ոչ անհայտ Ալեքսանդր Պրոխանովը հուշեր է պատմել ղարաբաղյան պատերազմից, ադրբեջանցիների հետ իր ջերմ հարաբերություններից եւ հայերին ներկայացրել որպես ջարդարարներ:
Այն, որ ռուսական այսպես ասած փորձագիտական-մտավորական իստեբլիշմենտի համար դա նորություն չէ, աննախադեպ չէ, պարզ է: Պրոխանովը առաջինը չէ, վերջինն էլ չի լինելու: Դրանից առաջ օրինակ Միխայիլ Լեւոնտեւն էր, որ հայտարարել էր, թե Հայաստանը որպես պետություն իր ներկայիս տեսքով պարտական է Ռուսաստանին:
Թեեւ, այսեղ իհարկե Լեւոնտեւն ինչ որ առումով իրավացի էր. եթե Ռուսաստանը չլիներ Հայաստանի ներկայիս պետականության հիմնական սնուցողներից մեկը՝ մտածողության, մշակույթի, քաղաքական համակարգի արատների, հակաժողովրդական բնույթի իշխանության գլխավոր հովանավորի առումով, ապա Հայաստանը որպես պետություն կարող էր բոլորովին այլ տեսք ունենար, քան ներկայում: Դա իմիջիայլոց:
Պրոխանովից եւ Լեոնտեւից առաջ էլ Հայաստանում ՌԴ դեսպանն էր հայտարարել, թե հայերի ինքնությունը պահպանվում է Ռուսաստանի շնորհիվ: Վերջերս էլ Վիկտոր Խրիստենկոն Հայաստանը էքսկլավի հետ էր համեմատել, տարիներ առաջ Հայաստանը ռուսների համար ֆորպոստ էր, ու էլի շատ ու շատ այդօրինակ բաներ:
Այդ ամենը վկայում է, որ գործ ունենք ոչ թե պատահականությունների, կամ այսպես ասած «անձնական կարծիքների» հետ, որոնք ընդունված կատեգորիա են «ռուսական գծում», այլ մտածված, հետեւողական քաղաքականության, մեթոդաբանության:
Ընդ որում, այստեղ կա ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ հենց Ռուսաստանի խնդիրը:
Միգուցե Մոսկվային չի գոհացնում այն, որ Հայաստանը փորձում է հանդարտորեն դիվերսիֆիկացնել իր տնտեսական, անվտանգության, քաղաքական կողմնորոշումներն ու ուղղությունները: Միգուցե Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանում հասարակությունը շատ ավելի արագ ձերբազատվի «օրհնված սհաթի» կարծրատիպերից եւ սկսի արտաքին գործընկերներին նայել շատ ավելի ռացիոնալ պրիզմայով: Միգուցե Մոսկվան դա է ուզում եւ հետեւողականորեն, մեթոդիկ կերպով փորձում է գեներացնել այդօրինակ տրամադրությունները Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում:
Այդ դեպքում իհարկե հակահայկական ելույթները եւ ձեւակերպումները թերեւս այն եզակի պարագաներն են, երբ Ռուսաստանը կատարում է Հայաստանի շահից բխող քայլեր:
Եթե ավելի լուրջ, ապա պրոխորովատիպ ձեռնարկները Մոսկվայի խնդիրն են, որովհետեւ եթե դրանց արձագանքում է անգամ Արտաշես Գեղամյանն ու ասում, թե Պրոխորովը նման հայտարարություններով ական է դնում Եվրասիական միության գաղափարի տակ, ապա այստեղ իհարկե իրավիճակը լուրջ է:
Հայաստանի խնդիրը սկսում է ոչ թե պրոխորովատիպ ձեռնարկներից, այլ դրանց հանրայնորեն եւ քաղաքականապես պատրաստ չլինելուց:
Փաստացի, Հայաստանի քաղաքական դասից հրապարակային արձագանքով հանդես է եկել միայն Արտաշես Գեղամյանը, որքան էլ նրան ոչ թե քաղաքական, այլ երաժշտական ամպլուայի տեր համարենք: Որեւէ այլ քաղաքական ուժ, գործիչ կարծես թե ուշադրություն չի դարձրել ռուսական պաշտոնական պրոպագանդայի հերթական հակահայկական ձեռնարկին:
Դա, օրինակ, Հայաստանի մեծ խնդիրներից մեկն է, երբ ասենք տարիներ շարունակ քաղաքական ընդդիմադիր կամ այլընտրանքային համակարգերը ուզուրպացրել էին մի քանի քաղաքական ուժեր, որոնք տվյալ պարագայում «պապից ավելի գծատեր» էին եւ հանդիսանում էին ռուսական կողմնորոշման պահապանները Հայաստանում:
Հայաստանի մյուս խնդիրն էլ այն է, որ քաղաքական դաշտում գոյություն չունի քիչ թե շատ սոլիդ, ազդեցիկ ազգայնական մի ուժ, որի խնդիրը կլինի ոչ միայն այդօրինակ ձեռնարկների սկզբունքային արձագանքը, այլ ընդհանրապես հանրային-քաղաքական իմունային համակարգի առանցք ձեւավորելը, որը միգուցե կարող է ընդհանրապես հանդիսանալ կանխարգելիչ գործոն:
Բանն այն է, որ այսպես ասած ազգային կամ ազգայնական դիրքերից հանդես եկող ներկայիս կուսակցությունները բացարձակապես դուրս են իրենց վերնագրերից եւ կոչերից եւ իրականում հանդիսանում են բիզնես-քաղաքականություն «գծի» հետեւորդ, ոչ միայն չձեւավորելով պետական-ազգային իմունային համակարգի առանցքը, այլ հանդիսանալով այդ ուղղությամբ մարտահրավերներից մեկը:
Ինչ վերաբերում է Արտաշես Գեղամյանի արձագանքին, ապա թերեւս կասկած չկա, որ նրա բերանով արձագանքում է Սերժ Սարգսյանը:
Թվում է, թե դա ընդհանրապես լռելուց ավելի լավ է, բայց երբ խոսքն իշխանության արձագանքի մասին է, ապա այստեղ արդեն գործ ունենք լուրջ խնդրի հետ: Իշխանությունն ունի պաշտոնական խոսնակներ, եւ եթե առաջին դեմքերն անձամբ չեն անում հայտարարություններ, ապա կան դեպքեր, երբ հայտարարությունների մակարդակը պետք է լինի առնվազն ի դեմս խոսնակների: Իսկ սա այդ դեպքն է, նկատի ունենալով այն, որ հակահայկական սուտը եւ կեղծիքը հեռարձակվել է պետական հեռուստաալիքով:
Օրերս, ՀԱՊԿ Վեհաժողովի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ ակնհայտորեն ակնարկելով առաջին հերթին Ռուսաստանին, ով ռազմավարական զենք է վաճառում Ադրբեջանին, որ դաշինքի անդամները չպետք է անեն քայլեր, որոնք վտանգում են մյուս անդամների շահերը:
Դրանից անմիջապես հետո Խրիստենկոն Հայաստանը Կալինինգրադի մարզի հետ համեմատեց: Հիմա էլ Պրոխորովը: Ռուսաստանն ըստ ամենայնի շատ է զայրացել Հայաստանի անհնազանդությունից:
Ժամանակն է իհարկե անհնազանդությունից անցնել պարզապես պետական վարքագծի, կամ ինչպես Իգոր Մուրադյանն էր նշել իր հոդվածներից մեկում՝ անցնել քաղաքական հարաբերությունների:
Պետականության պարագայում անհնազանդության քաղաքականությունը ոչ միայն ժամանակավրեպ, ոչ համարժեք եւ ավանտյուրային մտածողության հետեւանք կամ դրսեւորում է, այլ նաեւ շատ վտանգավոր խաղ կրակի հետ: Պետականությունը պետք է զուգորդվի պետական քաղաքականությամբ՝ ինչն իհարկե հնարավոր է միայն պետական մտածողության եւ պատկերացումների դեպքում, ինչը Հայաստանի իշխող համակարգի պարագայում բացակայում է արդեն մոտ մեկուկես տասնամյակ, ինչն էլ հանգեցրել է Ռուսաստանում Հայաստանի հետ աշխատանքի այդօրինակ մեթոդաբանության հաստատմանը:
Անհնազանդությունն այն փոխելու, Մոսկվայում այդ մոտեցումները վերանայելու լավագույն տարբերակը չէ: Դրանք չեն վերանայվի, քանի դեռ չկա պետական մտածողություն եւ քաղաքականություն: Ընդ որում, պետք չէ նաեւ անհնազանդությունն անցկացնել կամ սղղացնել պետական քաղաքականության անվան տակ, որովհետեւ հասկացությունները նենգափոխելը ոչ թե կչեզոքացնի, այլ ընդամենը կնենգափոխի նաեւ մարտահրավերները:
Եվ մյուս խնդիրը, որ ակնհայտորեն դրսեւորվում է այդօրինակ իրավիճակներում: Դա Ռուսաստանի մոտ երկու միլիոնանոց հայկական համայնքի բացարձակ հարմարվողականությունն ու քաղաքական անմեղսունակությունն է: Պրոխորովատիպ որեւէ դրսեւորման պարագայում այդ համայնքի որեւէ կազմակերպություն, ներառյալ ամենից ազդեցիկը համարվող Ռուսաստանի հայերի միությունը՝ իր Արա Աբրահամյանով հանդերձ, չի դրսեւորում սկզբունքային եւ հայեցակարգային որեւէ արձագանք:
Դա էլ թերեւս զարմանալի չէ, քանի որ հասկանալի է, թե ինչ սկզբունքով են Ռուսաստանում աշխատում հայկական կազմակերպությունների հովանավոր մեծահարուստ հայերը: պարզապես պետք է նաեւ արձանագրել, որ այստեղ եւս գործ ունենք հասկացությունների նենգափոխման հետ, երբ հայկական է համարվում կամ անվանվում մի բան, որը ռազմավարական որեւէ կապ չունի հայկականի հետ, իսկ տակտիկական կապերն էլ պայմանավորվում են ընդամենը ռուսական ռազմավարությամբ:
Հայկական ռազմավարությունն առայժմ ներառում է հայաստանյան փոքրաթիվ քաղաքացիական, մեդիա եւ փորձագիտական շրջանակներ, ինչպես նաեւ քաղաքական մի քանի դեկլարացիաներ, որոնք սակայն, հասկացությունների նենգափոխման ընդհանուր մթնոլորտում ինքնաբերաբար ենթարկվում են նենգափոխման, ներկայացվելով որեւէ «հակա»-ի կամ «մետ»-ի շրջանակում՝ առարկայությունից կտրելու եւ ընդհանուր անառարկության անդորրը չխախտելու գերնպատակով: