Մարտի 12. հենց այս օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա ՌԴ նախագահ Վլադիմեր Պուտինի հետ հանդիպելու համար: Այս օրվա գալուն, և ընդանրապես, օրվա ընթացքին սպասում են բոլորը, բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ նաև ԲՀԿ-ն, որն իր հերթական նիստը հասկանալի շարժառիթով նշանակել է մարտի 12-ից հետո, և «Ժառանգություն»-ը՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, ով իր մարզային այցելությունները ծառայեցնում է այդ օրվա բարի լուրի ակնկալիքի սպասումին:
Հորով-մորով արած նախագահական ընտրություններին ներկա, ինչպես հաճախ ասում են, քյաբաբ ուտող դիտորդներն իրենց տված գնահատականներով նախ խրախուսեցին, ապա մեծացրին առանց այդ էլ եղած ճնշումը Սերժ Սարգսյանի վրա. սա յուրատեսակ մեսիջ էր թե՛ ռուսական կողմից և թե՛ Արևմուտքից: Առաջինով փորձ էր արվում սիրաշահել Սերժ Սարգսյանին ճիշտ ընտրություն կատարելու համար, իսկ երկրորդով արդեն կողմերն ակնարկում են այն լրջության մասին, որի հետևանքները կարող են ավերիչ լինել ՀՀ-ի ու իշխանությունների համար: Այսինքն՝ իշխանությունները, ի դեմս Սերժ Սարգսյանի, պետք է վերջնական որոշում կայացնեն' կամ Հայաստանը մտնում է «Մաքսային միություն», որից հետո՝ «Եվրասիական միություն», կամ շարունակում է վերջին տարիներին բռնած Եվրաինտեգրման ուղին, որն, իհարկե, արդեն իսկ առաջացրել է ՌԴ խռոնիկ զայրույթն այս հարցում:
Այսպես, ռուսական կողմից չի դադարում տարբեր ձևաչափերի հասկացնողական հանդիպումների իրականացումը Հայաստանում, որի վառ ապացույցներից մեկը վարչապետ Տիգրան Սարգսյանի և Մեդվեդևի հանդիպումը պետք է լիներ, փոխարեն որի ՌԴ-ն, հոգնելով խնդրի ձգձգումից, ձևակերպեց հարցերի լուծման Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ենթատեքստային տարբերակը, որը վերջնականապես կլուծի բոլոր հարցերը՝ կամ էս կողմ, կամ էն կողմ: Բայց նախ՝ Հայաստանի համար ի՞նչ կա էս կողմում։ «Մաքսային միություն». առաջին հայացքից ի՞նչ կա որ, կմտնենք, սաղ լավ կլինի, սակայն իրականում «Մաքսային միություն» մտնելով՝ Հայաստանը կկորցնի իր տնտեսական ինքնիշխանությունը, ինչը և բացեիբաց ասում է ՌԴ-ն: Հետևանքային պրոցեսներ, քաղաքական ինքնիշխանության կորուստ, չնայած, անկախ ամեն ինչից, դե յուրե այդպես է, բայց այս իրավիճակում ինչ-որ առումով Հայաստանը գտնվում է շահեկան վիճակում՝ արևումտքի հետ տարվելիք սիրախաղերով հանդերձ, որոնց միջոցով իշխանությունները միլիարդավոր դոլարների վարկեր են վերցնում, «Մաքսային միություն» մուտքից հետո այլևս հենց «Մաքսային միությունն» է որոշողը տարբեր երկրների հետ համագործակցության ձևաչափը: Սրա փոխարեն ՌԴ-ն կառաջարկի էժան գազ, որն այսօր դարձել է Սերժ Սարգսյանի աքիլեսյան գարշապարը, և գնի բարձրացման դեպքում իշխանությունները վերջապես ինքնաբացարկ կներկայացնեն տնտեսության փլուզման հետևանքով:
Իսկ մյուս կողմը մեզ համար միֆական արևմուտքն է, որն արդեն հոգնել է ՀՀ նկատմամբ ծնողական վերաբերմունքից և պահանջում է իր իրավունքների ճանաչում: Այսօր ՀՀ-ն միլիարդավոր դոլարների պարտքերով է կապված նույն արևմուտքի հետ, որը, ինչպես պարզվեց, այսուհետև վերահսկողություն կիրականացնի ՀՀ տնտեսոլորտի յուրաքանչյուր օրինագծի ընդունման հարցում, մասնավորապես՝ դրանով կզբաղվեն մի քանի միջազգային կառույցների ներկայացուցիչներ, որոնց մեր պետության պարտքերը հասնում են միլիարդների: Այսպիսով՝ պարզվեց, որ արևմուտքն է որոշել ու որոշելու մեր տնտեսության հետ կապված հարցերը: Ստացվում է, որ, ըստ էության, արդյունքի տեսանկյունից ոչ մի փոփոխություն, նորից տնտեսական ինքնիշխանության կորուստ:
Այսպիսով՝ գալող տարիների ընթացքում կամ արևմուտքն է բարելավում իր վիճակը ՀՀ-ին տրվող վարկերի միջոցով մուծելով ՌԴ գազի՝ արդեն այդ դեպքում բարձրացած գինը, կամ «Մաքսային միությունն» է որոշում արևումտքի հետ համագործակցության ձևաչափերը և ՌԴ-ն գազի բավականին մատչելի տարբերակ է առաջարկում մեզ:
Ու Սերժ Սարգսյանը մարտի 12-ին, անկախ իր ցանկություններից, պարտավոր է վերջնական պատասխան տալ Վլադիմիր Պուտինին. կամ, կամ, կամ մինչև ապրիլ ժամանակ խնդրել Վլադիմիր Պուտինի՝ լավ տրամադրություն ունենալու դեպքում, որը, ըստ էության, էական փոփոխություն իրավիճակային առումով չի մտցնի պատասխանում: Իսկ ահա ապրիլից վերջապես կսկսվի նոր Էռա՝ վերջապես կողմորոշված վարչապետի ընտրություն, համապատասխան կառավարություն, հակառակ դեպքում՝ Հայաստանի համար այլևս կվերջանա մանյովրի քաղաքականությունը, և կսկսվի դաժան իրականությունը:
Գևորգ Ավետիսյան