Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում Ռուսաստանը Բելառուսին և Ղազախստանին առաջարկել է ընդունել ուկրաինական ապրանքների համար նոր ռեժիմի վերաբերյալ ընդհանուր բանաձև, բայց այն մերժել են: Այս մասին հունիսի 30-ին գրել է «Վեդոմոստի» թերթը: Այժմ Ռուսաստանը, Մաքսային միության կանոններին համապատասխան, ստացել է սույն հարցում ինքնուրույն գործելու իրավունք և կարող է ինքը միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի նկատմամբ:
«Պաշտպանական միջոցներ այս կամ այն կերպ կպահանջվեն, և մենք կշարունակենք երկխոսությունը, որպեսզի այդ միջոցները լինեն համատեղ, այլ ոչ թե միակողմանի»,- հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ՌԴ-ի կառավարության աշխատակազմի աշխատակցի կարծիքով՝ Բելառուսը և Ղազախստանն առաջարկությունից հրաժարվել են տարբեր պատճառներով: Առաջին երկիրը 600 կիլոմետրանոց սահման ունի Ուկրաինայի հետ, որը տեխնիկապես դժվար է փակել: Իսկ երկրորդը գտնվում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու գործընթացում, ինչը նրան ստիպում է տեղավորվել բանակցությունների շրջանակներում:
Հունիսի 27-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Եվրամիության հետ ստորագրել է ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը: Մոսկվան քանիցս անհանգստություն է հայտնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասն ստորագրելու Կիևի մտադրության առթիվ, քանի որ դա կարող է հանգեցնել ապրանքների անվերահսկելի հոսքի: