Ղազախստանը քննարկում է ՌԴ արտադրության մի շարք ապրանքների ներմուծումն արգելափակելու հնարավորությունը: Խոսքը վերաբերում է այն ապրանքներին, որոնք էժանացել են ռուսաստանյան արժեզրկումների ֆոնին և կարող են վտանգ ներկայացնել ղազախական ներքին շուկայի համար: Այս մասին հաղորդում է ռուսական «Կոմերսանտ»-ը' վկայակոչելով ՌԴ գյուղատնտեսության նախարարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իր աղբյուրները:
Թերթի տեղեկություններով' Ղազախստանը ցանկանում է էմբարգո սահմանել ռուսական նավթամթերքի, մեքենաների, շինարարական նյութերի, մսամթերքի, ձվի, մակարոնեղենի, հրուշակեղենի, ալյուրի և հյութերի համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' Ղազախստանն իր այդ մտադրությունը բացատրում է նրանով, որ ռուբլու շուրջ 47 տոկոս արժեզրկման հետևանքով ռուսական ապրանքներն արժեն ավելի էժան, և ղազախական արտադրանքը ներքին շուկայում չի կարող մրցակցել ռուսական էժան ապրանքների հետ:
Ռուսական ապրանքների ներմուծումն արգելափակելու խնդրանքով Ղազախստանի կառավարությանն է դիմել Ղազախստանի գործարարների ազգային պալատը: Նրանք պահանջել են սահմանել ամբողջական արգելք Ռուսաստանից հավի մսի ներմուծման համար, որի ներմուծման գինը 760 թենգեից կրճատվել է 380 թենգեի, որն ավելի էժան է ղազախական արտադրության հավի մսից: Ղազախստանի գործարարները նաև առաջարկել են արգելել ռուսական ալյուրի ներմուծումը և հավկիթի ներմուծման քվոտաներ սահմանել:
2014 թվականի նոյեմբերին Ղազախստանն արգելել էր իր տարածքում ռուսական օղու և գարեջրի մի քանի տեսակների վաճառքը' պարզաբանելով, որ դրանք «չեն համապատասխանել սննդի անվտանգության պահանջներին»: Սակայն մի քանի օրից հետո' ռուսական կողմի հետ խորհրդակցությունից հետո, արգելքը հանվել էր: