Սարյան փողոցում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ, մեկնարկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան:
Հավաքվել են տասնյակ քաղաքացիներ, որոնց թվում են ՕԵԿ խմբակցության պատգամավորները, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ոստիկանները փակել են դեպի ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենք տանող աստիճանները:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն առաջարկեց կազմել փոքրիկ խումբ, ովքեր կբարձրանան նիստերի դահլիճ, սակայն ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը հայտարարեց, որ Հանձնաժողովի նիստին իրավունք ունեն ներկա գտնվելու բոլորը և իրենք բոլորով կբարձրանան շենք:
Հիշեցնենք, որ երեկ «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որում տեղեկացնում էր այսօր կայանալիք ակցիայի մասին. «Երեքշաբթի' 11:00-ին տեղի է ունենալու հանձնաժողովի նիստ, քննարկվելու է էլեկտրաէներգիայի թանկացումը, հավանաբար կայացվելու է վերջնական ՈՐՈՇՈՒՄ, ՈՐԻ ՀԻՄՔԵՐԸ ՉԿԱՆ: Մենք պետք է մեր ԲՈՂՈՔԸ արտահայտենք, ՃՆՇՈՒՄ գործադրենք - ԿԱՆԽԵՆՔ անօրինական որոշման ընդունումը»,- ասված էր հայտարարության մեջ: