Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը երկօրյա այցելություն է կատարել Լաթաքիա և Քեսաբ: Նրան ուղեկցել են Ազգային վարչության ատենապետ Սնբում Սնբուլյանը, Ազգային վարչության անդամներ Զարեհ Փոլադյանը, Հարություն Քիլիսյանը, Պետրոս Հովհաննիսյանը, ազգային պատգամավոր Կարո Յուզբաշյանը: Բերիո թեմի պատվիրակությունն արդեն չորրորդ այցելությունն էր կատարում Լաթաքիա, սակայն այցելությունն առաջինն էր Քեսաբի ազատագրումից հետո: Պատվիրակության այցելության հիմնական նպատակն էր ողջունել սիրիական բանակի կողմից Քեսաբի ազատագրումը և հայ ազգաբնակչության տունդարձը, ինչպես նաև ոգևորել համայնական ջանքերով ներդաշնակ աշխատանքը:
Մեծի Տանն Կիլիկո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի օրհնությամբ Բերիո Հայոց Թեմի Ազգային իշխանությունը, Սիրիայության շտապօգնության և վերականգնման մարմինը, Լաթաքիայի և Քեսաբի շտաբի տեղական գործադիր մարմինները հետամուտ են պետական իշխանությունների և ոչ պետական մարդասիրական կազմակերպությունների գործակցությամբ հնարավորինս արագացնելու քեսաբաբնակ ժողովրդի վերադարձը: Քեսաբի վերականգնման համար անհրաժեշտ են իրատեսական, գործանական ծրագրավորումներով համայնական ջանքեր:
Հունիսի 15-ին Քեսաբի ազատագրումից հետո հայրենիք վերադարձած քեսաբահայերը ծանր վիճակում են հայտնվել: Քեսաբցիների բոլոր բնակարաններն անխտիր կողպտվել են: Բնակարաններից որոշները զրկվել են բոլոր տեսակի տեխնիկայից՝ սառնարանից, լվացքի մեքենայից, խոհանոցային անհրաժեշտ պարագաներից, որոշները հրկիզվել են, մյուսների վրա ռումբ է ընկել և այնտեղ հնարավոր չէ ապրել: