Քուվեյթի թեմի նորընտիր երեսփոխանները հունվարի 19-ին այցելել են Քուվեյթում ՀՀ դեսպանատուն, որտեղ նրանց դիմավորել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը:
Այս մասին «Արմենպրեսը» տեղեկացավ Քուվեյթի ազգային առաջնորդարանի ֆեյսբուքյան էջից: Կաթողիկոսական փոխանորդ Մասիս Ծ. Վրդ. Զոբույանը ներկայացրել է նորընտիր երեսփոխաններին, ինչից հետո շնորհակալություն հայտնել դեսպանին գաղութին մատուցած օգնության համար:
Երեսփոխանական ժողովի ատենապետ Հարություն Պետիրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին, որ գաղութի դիմագրաված դժվարությունների լուծման համար հնարավոր ամեն ինչ անում է՝ մնայուն կերպով նեցուկ կանգնելու ազգային առաջնորդարանին և նրա աշխատանքներին:
Դեսպանը ողջունել է նորընտիր երեսփոխաններին և վստահեցրել, որ համայնքի հետ կապը միշտ սերտ կմնա, ապա մաղթել է, որ երեսփոխանական աշխատանքային քառամյա շրջանը լեցուն լինի հաջողություններով և իրագործումներով:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև գաղութի հոգևոր հովիվ Արժ. Տ. Արտակ Քեհեայանը: