ՀՀ կառավարությունը վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա տրամադրեց «ԱՄ-ԷՍԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով հարցի էությունը' ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշեց, որ որոշման ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորմանը:

 

«Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեի ծախսային մասում փոփոխություն չի նախատեսվում, իսկ եկամտային մասում սպասվում են ավելացումներ»,-ասաց Գիրգորյանը:

 

Կառավարության որոշմամբ' նախագծի ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում բնապահպանության նախարարը պետք է ստորագրի և «ԱՄ-ԷՍԿԱ» ընկերությանը տրամադրի Բնապահպանության նախարարության կնիքով վավերացված լիցենզիան:

 

Ինչպես նաև, բնապահպանության, առողջապահությանը և արտակարգ իրավիճակների նախարարությունները պարտավորվում են իրենց իրավասությունների սահմաններում իրականացնել վերահսկողություն ընկերության աշխատանքների նկատմամբ:

 

Լիցենզիայի տրամադրումը իրականացվել է բարդ ընթացակարգով' փորձաքննական եզրակացության հիման վրա: