Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց վրա հարձակվելու մեղադրանքով ձերբակալված Մուրադ Նազարայի դատական գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Ակոս» պարբերականը, հերթական դատական նիստի ժամանակ հայտարարվել է, որ հայազգի Մարիցա Քյուչուքի սպանության օրը Մուրադ ՆազարյանիÖ բացի, այլ անձինք ևս եղել են Քյուչուքի տանը:

 

Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 2-րդ դատարանում ընթացող նիստին ներկա են եղել ինչպես ձերբակալված կասկածյալ Մուրադ Նազարյանը, այնպես էլ հայցվոր կողմի փաստաբան Էրեն Քեսքինը: Վերջինս նախորդ դատական նիստի ժամանակ դատարանից պահանջել էր փորձաքննության ենթարկել իրադարձության օրը տանը գտնվող մի ծածկոց: Դատարանը, բավարարելով փաստաբանի պահանջը, ծածկոցն ուղարկել էր կենսաբանական փորձաքննության, որի արդյունքներով՝ ծածկոցի վրա մեկից ավելի մարդու ԴՆԹ էր հայտնաբերվել: Հենվելով փորձաքննության արդյունքների վրա՝ Քեսքինը պնդել է, որ հանց ագործությունը ոչ թե անհատի, այլ հանցավոր խմբավորման կազմակերպած սպանություն է եղել:

 

Նիստի ժամանակ խոսելու իրավունք ստանալով՝ Մուրադ Նազարյանը հերթական անգամ հայտարարել է, որ իրեն բռնի ուժով են տեղափոխել հանցանքի վայր:

 

Մարիցա Քյուչուքի ընտանիքի փաստաբանի պատրաստած զեկույցի հիման վրա դատարանը որոշում է կայացրել ուսումնասիրել ծածկոցի վրա առկա ԴՆԹ-ի օրինակները: Հաշվի առնելով այն փաստը, որ նախորդ դատավարությունների ժամանակ Նազարյանը հոգեկան խնդիրների պատճառով բուժում է ստացել՝ դատարանը որոշում է կայացրել ևս մեկ անգամ զեկույց պատրաստել կասկածյալի մեղսունակ լինելու վերաբերյալ: Վճռելով, որ Մուրադ Նազարյանը պետք է շարունակի մնալ կալանքի տակ՝ դատարանը հաջորդ նիստը հետաձգել է մինչև օգոստոսի 19-ը:

 

Հանցագործը կամ հանցագործները չորս տարեց հայ կանանց վրա առաջին հարձակումը գործել էին 2012 թ. դեկտեմբերի 27-ին՝ Թուրֆանդա Ա-ի նկատմամբ: Նրանք մտել են միայնակ բնակվող կնոջ բնակարան, ծեծի ենթարկել նրան և տարել նրա թանկարժեք զարդերը: Դեկտեմբերի 28-ին սպանել էին Մարիցա Քյուչյուքին: Սեփական տանը սպանված Քյուչյուքի մարմնի վրա դանակով խաչ էր արվել, իսկ տանից ոչինչ չէր գողացվել: Մեկ ամիս հետո՝ 2013 թ. հունվարի 22-ին, հանցագործները ներխուժել էին 83-ամյա Սուլթան Այքարի տուն և նրան ևս ծեծի ենթարկել: Նրանք փողոցում հարձակվել և փորձել էին առևանգել ևս մեկ տարեց հայ կնոջ:

 

Երկար հետաքննությունից հետո թուրքական ոստիկանությունը հարձակումների կասկածանքով ձերբակալել էր հոգեկան խանգարումներ ունեցող, ազգությամբ հայ Մուրադ Նազարյանին, ով ի սկզբանե հարցաքննության ժամանակ ասել էր, որ չի ճանաչում այդ կանանցից ոչ մեկին և չի հիշում, որ նման սպանություն և հարձակումներ է կատարել: