ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում այսօր' հուլիսի 15-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակում կենտրոնին նվիրաբերված շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրի բացումը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիսությունը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: «Առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում»,-նշել է Արմեն Մուրադյանը:
Նախարարի խոսքով, շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրը հնարավորություն կտա Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերի խոցելի բնակչության' աշխատանքային միգրանտների ու նրանց ընտանիքների շրջանում անվճար հիմունքներով բացահայտել ոչ միայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, այլև դրան զուգակցվող սեռավարակները, հեպատիտները և այլ հիվանդությունները' պահպանելով կամավորության ու գաղտնիության սկզբունքները:
Ապահովելով բժշկական ծառայությունների մատչելիությունը' միաժամանակ կիրականացվեն այլ ծառայություններ, զգալիորեն կմեծանա բժշկական խորհրդատվության ու լաբորատոր հետազոտության հասանելիությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի ՄԻԱՎ-ի վաղ ախտորոշման բարելավմանն ու բուժման արդյունավետությանը, ինչպես նաև խնամքի ժամանակին տրամադրմանը։
Դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ ՁԻԱՀ-ի, ինչպես նաև այլ վարակների դեմ պայքարը Ռուսաստանի միջազգային հումանիտար համագործակցության մի մասն է կազմում: «Մեր երկիրը նորանոր ջանքեր է գործադրում այլ երկրների հետ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում:
Մենք կարևորում ենք հատկապես ԱՊՀ գործընկերների հետ համագորակցության ընդլայնումը: Այս ենթատեքստում այսօր մենք ներկա ենք նշանակալի մի իրադարձության»,-ընդգծել է դիվանագետը։ Վոլինկինը նաև կարծիք է հայտնել, որ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրն առողջապահության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման նոր սկիզբ է: Հաջողություն մաղթելով ծրագրին' դեսպանը շնորհակալություն է հայտնել միջազգային կազմակերպություններին' ցուցաբերած աջակցության համար:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը նշել է, որ շարժական կլինիկան Հայաստանին է հանձնվել մայիսին Մոսկվայում կայացած Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսի ժամանակ: Նշվել է, որ Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկան զգալի ներդրում կունենա ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում:
Շարժական կլինիկայի հագեցվածությունը թույլ կտա ծառայությունները տրամադրել ընդհանուր փաթեթի շրջանակում, որը ներառում է վիրուսային հեպատիտների, սեռավարակների, ինչպես նաև գինեկոլոգիական և ուլտրաձայնային հետազոտություններ, ընտանիքի պլանավորման, վերարտադրողական առողջության և այլ հարցերով խորհրդատվություններ:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշել է, որ յուրաքանչյուր առողջապահական ծրագրի իրականացման գործում կարևոր է հիվանդության վաղ հայտնաբերումն ու ռիսկի գործոնների բացահայտումը: «Հաշվի առնելով, որ շարժական կլինիկան հագեցած է նաև ախտորոշիչ այլ սարքավորումներով, այն կնպաստի առողջապահական ծրագրերի իրականացմանը։ Բժշկական-ախտորոշիչ համալիրի գործունեությունը կնպաստի բժշկական ծառայությունների հասանելիությանը և դիմելության բարձրացմանը»,-ասել է նախարարը:
Շարժական կլինիկայի հանդիսավոր բացմանը մասնակցել են նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև ոլորտում գործող պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայաստանում այսօր գրանցված է ՄԻԱՎ վարակով 1785 մարդ (հաշվարկային թիվը' 3700), որոնցից 911-ի մոտ ՁԻԱՀ է ախտորոշվել։